Mterqner

Կենտրոնական բանկն  ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության և ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում է տարբեր այլընտրանքային սցենարներ՝ տնտեսության հետագա զարգացման համար և պատրաստ է արձանագանքել ցանկացած իրավիճակին:

Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Նա հիշեցրեց, որ մարտի 17-ին ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Դա այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում շատ երկրների այն բարձրացրեցին կամ թողեցին անփոփոխ: «Ուզում եմ բացատրել, թե այս գործողությունն ինչ տրամաբանության ներքո է տեղի ունեցել: Պարզ է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների վրա և ազդել տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա: Սակայն կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա կառավարությանը ավելի արդյունավետ ապահովել թիրախավորված միջոցառումները տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված»,- ասաց նա:

Ըստ ԿԲ պաշտոնյայի՝ քանի որ 2015 թվականից Հայաստանում բավական ցածր գնաճային միջավայր կա, ներկայում նույնպես գնաճը ցածր մակարդակի վրա է, այս քայլով ԿԲ-ն հնարավորություն է տալիս նաև հավասարակշռել տնտեսական ակտիվության և հիմնական գների կայունության նպատակը:

«Կարող եմ հաստատապես ասել, որ մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա: Երբ նայում ենք արտաքին աշխարհի զարգացումներին, և այն իրավիճակին, թե ինչ ջանասիրաբար է կառավարությունը առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումներին ու գներին վերաբերվում, ապա ըստ էության մենք կարող ենք արձանագրել, որ այստեղ որևէ ռիսկ չենք տեսնում գնաճի ավելացման հետ կապված»,- նշեց նա:

Ըստ Արթուր Ստեփանյանի՝ ԿԲ-ն ունի նաև այլ նպատակ՝ ֆինանսական կայունության ապահովումը: «Մենք հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը՝ այսօր ունենք բավական բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք նաև արտարժութային շուկան զերծ պահենք հնարավոր ցնցումներից, որը համենայնդեպս այս պահին տեղի չունենա: Ես կարող եմ հիշեցնել 2014 թվականի դեկտեմբերը, երբ ԿԲ-ն շատ հաջողությամբ դուրս եկավ ավելի վատ իրավիճակից, քան այսօր է»,- հավելեց նա:

Ըստ Արթուր Ստեփանյանի՝ Կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի, հարկ եղած դեպքում դրանք կարող է կիրառել: