Նիկոլ Փաշինյանը հայտնել է կարեւոր պայմանավորվածության մասին

- in Հրապարակ

Պայմանավորվենք, որ տեղի չի ունենալու կառավարման մոդելի փոփոխություն, սահմանադրական հանրաքվեի քարոզչության ընթացքում սյունեցիների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա հայտարարությունն առնչվում է իհարկե ոչ թե ապրիլի 5-ի հանրաքվեին, այլ Սահմանադրության փոփոխության գործընթացին, որ մեկնարկել է անցնող շաբաթներին, կազմվել է փոփոխությունը մշակող աշխատանքային խումբ:

Վարչապետը շաբաթներ առաջ Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում չէր բացառել, որ Սահմանադրության բովանդակային փոփոխության հանրաքվեն կարող է լինել խորհրդարանի հաջորդ ընտրությանը զուգահեռ:

Թե հատկապես ինչն է փոխվելու Սահմանադրության մեջ, դեռեւս պարզ չէ, սակայն կարեւոր է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կառավարման մոդելի փոփոխությունը բացառելու շուրջ պայմանավորվելու մասին: Բանն այն է, որ խորհրդարանական կառավարման մոդելը հենց «պայմանավորվելու» մոդելն է: Մի բան, որը հայկական ներքաղաքական եւ կամ ներքին հասարակական-քաղաքական իրականության ամենախնդրահարույց բացերից մեկն է՝ պայմանավորվածության մշակույթի, ավանդույթների բացակայությունը:

Խորհրդարանական կառավարման մոդելն իր բնույթով այնպիսին է, որ ստեղծում է այդ բացը լրացնելու առավել պարարտ հող, առավել շատ նախադրյալ, քան նախագահական կամ կիսանախագահական տարբերակը: Եթե 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունն իր մեջ ունեցել է դրական բաներ, չնայած Սերժ Սարգսյանի «կոստյում» որակմանը, ապա դրանցից առաջնայինը հենց խորհրդարանական մոդելի անցումն է:

Չկա իդեալական կամ բացարձակ հաջող մոդել, կան թե այս, թե այն մոդելի հաջողված եւ անհաջող տարբերակներ: Հարցն այն է, որ հայաստանյան իրողությունները, քաղաքական նախապատմությունը, ավանդույթները, ինստիտուտների բացակայությունը, խորհրդային եւ ավելի վաղ պատմական փորձը բերում են մի հանրագումարի՝ որ խորհրդարանական կառավարումը կարող է տալ մի շարք արատներ հաղթահարելու ավելի լավ միջավայր:

Այդ ամենով հանդերձ, կառավարման խորհրդարանական մոդելը Հայաստանի համար, հաշվի առնելով արդեն ոչ միայն ներքին, այլեւս արտաքին մի շարք իրողություններ, քաղաքական ինքնիշխան դիմադրունակության եւ ճկունության առավել նպաստավոր մոդելն է:

Կստացվի այն զարգացնել, ամրացնել, կայացնել, դա արդեն իհարկե հարցի մյուս կողմն է: Բայց, հարցի այդ կողմն ունի ցանկացած մոդել: Ըստ այդմ ելակետային որոշման հիմքում չի կարող լինել այդ հարցը: Ելակետային որոշման հիմքում պետք է լինի այն, որ Հայաստանի տնտեսական, ռազմա-քաղաքական ինքնիշխան դիմադրունակության ու մրցունակության համար հույժ կարեւոր է առանցքային սկզբունքների եւ արժեքների շուրջ ընդհուպ համազգային կոնսենսուսը: Այդ իմաստով, խորհրդարանական կառավարման մոդելը դրա առավելագույն նախադրյալ պարունակող մոդելն է: Ադ թվում հաշվի առնելով եւ ժամանակակից տեղեկատվա-քարոզչական դարաշրջանի իրողությունները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments