Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ԱՅՈ քարոզարշավի ընթացքում ներկայացրել է Հանրաքվեի հռչակագրի նախագիծը, որն ունի 6 կետ, և դրանցում ամփոփվում է Հայաստանում կառավարող մոտ 30-ամյա համակարգի քաղաքական գնահատականը:

Արձանագրվում է, որ 1995-ից ի վեր կեղծվել են գործնականում բոլոր ընտրությունները՝ 1999-ի խորհրդարանի ընտրության որոշակի բացառությամբ, նախագծում դրա վերաբերյալ հետաքրքիր ձևակերպումով: Միաժամանակ արձանագրվում է այլևս որևէ կեղծիք թույլ չտալու, իշխանությունը հարստության միջոց կամ հարստությունը պաշտպանելու միջոց չդարձնելու, նաև հանրությունից յուրացվածը իրավական ճանապարհով վերադարձնելու մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրաքվեի հռչակագիրը բաց է առաջարկությունների համար:

Նախորդ համակարգի քաղաքական գնահատականի առաջին ակտը Նիկոլ Փաշինյանն իրականացրել է 2019 թվականի մարտիմեկյան ուղերձի տեսքով: Ներկայումս փաստացի առաջարկվում է գնահատականի առավել ինստիտուցիոնալ տարբերակ: Դա երկրորդ՝ վերջնակա՞ն ակտն է լինելու, թե՞ հնարավոր է դիտարկել երրորդը, գուցե չորրորդը, երբ գնահատականները կարող են ըստ քաղաքական իրադրության և պահի առավել կոշտանալ:

Ակնառու է, որ, ի տարբերություն նախորդ՝ մարտիմեկյան ուղերձի շրջանակում գնահատականի, վարչապետ Փաշինյանը հռչակագրի տեսքով առաջարկվող գնահատականն առավել կոշտացրել է: Միևնույն ժամանակ այստեղ հատկանշական է նաև այլ հանգամանք՝ հանրաքվեի գործընթացը Փաշինյանը դուրս է բերում լոկ ԱՅՈ-ի և ՈՉ-ի բանաձևից և դնում է գրեթե «անկախության» տրամաբանությունը:

Նախօրեին նա հայտարարել էր, որ այս հանրաքվեն հավասարազոր է 1991 թվականի հանրաքվեին, այսինքն՝ Անկախության հանրաքվեին: Սա զուտ պատկերավոր հռետորաբանությո՞ւն է, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է բարձրացնել քարոզչության էֆեկտիվությունը, թե՞ քաղաքական իրողությունների թելադրանք: Որովհետև եթե դրվում է Անկախության տրամաբանությունն ու սկզբունքը, և այդ համատեքստում նաև նախորդ 30-ամյակը փաստորեն կամա թե ակամա դիտարկվում է իրականում գործնականում ոչ անկախ, ապա այստեղ իրավիճակը դուրս է գալիս զուտ ներհայաստանյան սահմաններից: Որովհետև առաջանում է հարց, թե ինչի՞ց է այժմ անկախանալու Հայաստանը՝ նախկին կառավարող համակարգի՞ց, թե՞ արտաքին որևէ համակարգից:

Այդ իմաստով հռչակվող շեշտադրումները գալիս են հաստատելու մեր գնահատականը, որ հնչեցրել ենք հանրաքվեի որոշումից գրեթե անմիջապես հետո, որ ՍԴ դատարանակազմի հարցն այստեղ ավելի շուտ առիթ է առավել լայն հարցերի և մարտահրավերների համատեքստում Հայաստանի արձագանքը և ճկունությունն ապահովելու համար: Այդ իմաստով հանրաքվեի գործընթացը ստանում է նաև նոր հարցադրում կամ ձևավորում նոր սպասում գնահատականի կամ եզրակացության համար՝ ոչ միայն, թե ինչպիսին է լինելու հանրաքվեի արդյունքը, այլ նաև՝ ինչպիսին են լինելու Հանրաքվեի հռչակագրի վերջնական տեսքն ու բովանդակությունը:

Spread the love