ԲՀԿ-ն նկատելի աշխուժություն է ցուցաբերում կորոնավիրուսի վարակի պայմաններում տնտեսական հետեւանքի հարցում, բարձրացնելով քաղաքացիների սոցիալական խնդիրները: Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ իրեն չեն լսում եւ տնտեսությունը վատ վիճակում է:

Մյուս կողմից, Ծառուկյանը գործնականում շատ բան չի էլ ասում, քան այն, որ պետությունը պետք է ծածկի քաղաքացիների տնտեսական կորուստը, վճարի օրավարձով աշխատողներին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում չկա օրավարձով աշխատող կամ չաշխատող, կա գրանցված եւ չգրանցված աշխատող: Նա նշում է, որ պետությունը առաջնային պատասխանատվություն ունի նախ գրանցված աշխատողների համար, քանի որ բավականին դյուրին է սահմանել, թե որտեղ են նրանք, ինչ կորուստ ունեն եւ այլն:

Փաշինյանը բվականին կոշտ պատասխան տվեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, որն իհարկե վերջերս հերթական անգամ հեռացել էր ԲՀԿ-ից: Նա Ուրիխանյանին հորդորեց վարկերն ու կոմունալ վճարները չեղարկելու վերաբերյալ կառավարությանը պահանջներ ներկայացնելուց առաջ հանրությանը բաժանել իրենց շրջապատի հարստությունը: Ու՞մ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, արդյոք Գագիկ Ծառուկյանին էլ:

Ծառուկյանն ինքը հայտարարել էր, թե արտակարգ դրություն է հայտարարել պետությունը, պետությունն էլ թող վճարի աշխատողներին, ինչու՞ պետք է վճարի ինքը՝ տվյալ պահին գործատուն: Իսկ որքա՞ն են Գագիկ Ծառուկյանի մի քանի հազար աշխատակիցների շրջանում չգրանցվածները, որոնք դարձյալ ապրում են օրվա վարձով, որոնք մեծ հաշվով գտնվում են Ծառուկյանի բիզնես-կայսրությունում, բայց գրանցված չեն: Թե՞ այդպիսիք նրա մոտ չկան:

Հարցը Հայաստանի տնտեսության, բայց նաեւ քաղաքականության խորքային արատներից եւ համակարգային խնդիրներից է: Դա թույլ է տվել հայաստանյան քաղաքականության մեջ զարգացնել սոցիալ-պոպուլիստական գիծը, միաժամանակ այդ համատքստում նաեւ խաղարկել այն մարդկանց, որոնք ունեն սոցիալական կախվածություն եւ միաժամանակ պաշտպանված չեն օրենքով:

Գործատուները Հայաստանում չեն ցուցաբերել նրանց գրանցելու շահագրգռություն, շատ պարզ պատճառով՝ նրանց համար ավելորդ փող պետք է տան պետությանը: Մինչեւ հեղափոխությունը խնդիրն ունեցել է մի ասպեկտ՝ բիզնեսի հետ սերտաճած քաղաքական իշխանությունը եղել է նույն գործարարների հետ ստվերային պայմանավորվածության մեջ եւ չի գնացել նրանց պարտադրելու կամ գրավելու ճանապարհով: Հեղափոխությունից հետո կառավարությունը հայտարարել է, որ չունի գործարարներից այլ ակնկալիք, քան օրինական գործունեությունը:

Դա զգալիորեն փոխել է գրանցված աշխատատեղերի վիճակագրությունը, բայց անկասկած ՝ ոչ ամբողջությամբ կամ նույնիսկ ոչ մեծամասնությամբ:

Գրանցված աշխատողը պաշտպանված աշխատողն է, պաշտպանված քաղաքացի, այդ թվում ոչ միայն իրավապես, այլ նաեւ քաղաքականապես պաշտպանված աշխատող եւ քաղաքացի:

Գագիկ Ծառուկյանը փորձում է նրբորեն ձեւակերպել եւ գլխավորել «սոցիալական բունտը» համաճարակի ժամանակ, դիտարկելով պահի քաղաքական նպատակահարմարությունը: Այստեղ իհարկե ոչ միայն Ծառուկյանն է, այլ մեծ ու փոքր տարբեր այլ ուժեր:

Վարչապետ Փաշինյանը դրան ի պատասխան կոշտ հիշեցնում է հարստության եւ այն հանրությանը վերադարձնելու մասին, ակնարկելով, որ, եթե ընդդիմախոսների օգտին է ներկայիս կորոնավիրուսը, ապա իր օգտին կարող է ծառայեցնել այն տնտեսաքաղաքական կորոնավիրուսը, որ պատել էր Հայաստանը մինչեւ 2018-ի մայիս:

Կլինի՞ նոր պայմանավորվածություն:

Spread the love