Նոր աշխարհը լինելու է նաև Հայաստանում

- in Վերլուծական
Hayastan

Համաշխարհային տնտեսությունը, ըստ մոտավոր հաշվարկների, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կունենա մոտ 3 տրիլիոն դոլարի անկում, ինչը նշանակում է այդքան բացվող տնտեսական տարածություն և դրանում տեղ զբաղեցնելու հնարավորություն:

Այդ միտքն օրերս Հայաստանի խորհրդարանում բարձրաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Հայաստանը պետք է ձգտի զբաղեցնել այդ տարածության առնվազն 30 միլիարդի բաժինը:

Անկասկած է, որ այդ բաժինը վերցնելու կամ զբաղեցնելու համար Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է մի պարզ, բայց միաժամանակ բավականին դժվար բան՝ սահմանել, հասկանալ, գնահատել, թե ինչպիսին պետք է լինի այդ 30 միլիարդը, ինչ բովանդակությամբ, ինչ սահմանով, ինչպիսի ձևաչափերով: Համաշխարհային տնտեսությունը բազմաշերտ է, միաժամանակ լինելու է շատ փոփոխական, հարափոփոխ, տեխնոլոգիական հեղափոխությանը զուգահեռ անընդհատ արդիականացող, երբ կարճ ժամանակահատվածում կարող են արդիականությունը կորցնել ամբողջական ճյուղեր և դրա փոխարեն ի հայտ գալ նոր ազատ տարածություններ:

Այդ իմաստով էլ առկա է թերևս մեկ այլ հարց՝ 2050 թվականի համար Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած նպատակները մնո՞ւմ են ուժի մեջ, թե՞ ոչ: Կամ ավելի շուտ՝ ոչ թե ուժի մեջ մնալու խնդիրն է, այլ այդ նպատակները խմբագրելու: Կա՞ դրա կարիքը, թե՞ հակառակը՝ դրանք ավելի արդիական են դառնում, դառնում են ավելի հրամայական: Իսկ գուցե դրանք արդեն քիչ են, և կա առավել հավակնոտ նպատակների կարիք, թեև մյուս կողմից՝ ակնառու է, որ առնվազն ընթացիկ ռեժիմում առավել բարդանում են մեկնակետերն ու ելակետերը:

Միով բանիվ, Հայաստանը ոչ թե պետք է զբաղեցնի, վերցնի, այլ ուղղակի բառի բուն և պատկերավոր իմաստով նվաճի իր 30 միլիարդը, ընդ որում՝ չբավարարվելով դրանով, քանի որ վստահաբար հնարավոր է պնդել՝ ոչ մի այլ պետություն և ժողովուրդ չի բավարարվելու իր նվաճած և զբաղեցրած միլիարդներով: Հետևաբար այստեղ պետք է առավել քան հստակ գնահատել, թե որոնք են մեր համեմատական առավելությունները:

Նախ՝ գուցե պետք է դիտարկել դա ռեգիոնալ մասշտաբով, եթե, իհարկե, նոր աշխարհը չի լինելու այդ իմաստով ավելի խտացված, հետևաբար նաև ռեգիոն հասկացությունը՝ առավել ընդլայնված: Հայաստանին առավել քան անհրաժեշտ է դառնում ապագայագիտական աշխատանքը: Մի բան, որը արդեն միանգամայն բնորոշ իրողություն և գործառույթ է բոլոր զարգացած և կայացած պետությունների համար: Մենք այսօր իսկ պետք է կարողանանք ճանաչել ապագան, որպեսզի վաղը կարողանանք գործ ունենալ նրա հետ և չգալ անակնկալների: Ընդ որում, այստեղ հարկավոր է արձանագրել մի էական բաց՝ ապագայագիտական գործառույթը թերզարգացած է ոչ միայն պետական մակարդակում, այլ նաև առանձին ինստիտուցիոնալ հարթություններում, ինչպիսին քաղաքական կյանքի մասնակիցներն են, այլ կերպ ասած՝ որևէ իքս պահի վաղվա իշխանությունը:

Ավելին, հենց վաղվա հավակնորդ իշխանություն դառնալու համար արդիական քաղաքական ուժերից պահանջվելու է ոչ միայն սոցիալական աղմուկ և հանրության սոցիալ-հոգեբանական նյարդերի վրա նվագելու կարողություն, այլև ապագան ճանաչելու հմտություն, կարողություն: Այլ կերպ ասած՝ ապագայագիտությունը քաղաքական ուժերին անհրաժեշտ է լինելու ոչ թե իշխանություն դառնալուց հետո, այլ իշխանություն դառնալու համար:

Երբ մենք խոսում ենք նոր աշխարհից, դա ամենևին չի նշանակում, որ այդ նոր աշխարհը Հայաստանից դուրս է լինելու, ըստ այդմ՝ Հայաստանում մենք լինելու ենք այնպես, ինչպես կա, և հետո արդեն լուծելու ենք նոր աշխարհում այնպես լինելու հարցը, ինչպիսին պահանջվելու է: Նոր աշխարհը լինելու է նաև Հայաստանում, և հայաստանյան սուբյեկտների համար սկսելու է հենց Հայաստանից, ըստ այդմ՝ դրան պատրաստակամությունն ու պատրաստվածությունն էլ սկսելու է այստեղ, այսօր. արդեն սկսել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments