Հայաստանի նոր մոդելը. ինչ է լինելու կորոնավիրուսից հետո

- in Տնտեսական

Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս է գալու առավել ուժեղացած, հայտարարում են կառավարության ներկայացուցիչները: Վարչապետ Փաշինյանը նշում է, որ ճգնաժամը նոր հնարավորություն գտնելու ժամանակ է:

Հայտարարվել է, որ կառավարությունը պատրաստում է տնտեսության աջակցման 150 մլրդ դրամի փաթեթ, որը ոչ միայն կօգնի պահպանել տնտեսական կայունությունը, այլ նաեւ կխրախուսի առկա ճգնաժամային իրավիճակում նոր հեռանկարներ գտնելու փորձերը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նախկին տնտեսական վիճակին հրաժեշտ տալու եւ նոր վիճակի պատրաստվելու վերջնական եւ անշրջելի որոշման մասին:

Ստեղծված բավականին բարդ իրավիճակում կառավարությունից պահանջվում է թե հռետորաբանության, թե կոնկրետ քայլերի առումով հանրությանը հղել դրական սպասում փոխանցող ազդակներ: Կառավարությունն անում է այդ առումով անհրաժեշտը: Միեւնույն ժամանակ, անկասկած կա հասկանալու եւ կողմնորոշվելու խնդիր, թե ինչ ասել է հետկորոնավիրուսային աշխարհ:

Այն անշուշտ լինելու է այլ, բայց ինչպե՞ս, ինչու՞մ: Ինչո՞վ է այսպես ասած նոր աշխարհը լինելու նոր, ինչո՞վ է տարբերվելու հնից: Նոր իրավիճակում անշուշտ կարեւոր է բիզնեսի նոր նախաձեռնություններին ու մտահղացումներին ցուցաբերվող պետական աջակցությունը, բայց եթե խոսքը նոր աշխարհի մասին է, ապա այստեղ նորարարությունը չի կարող սահմանափակվել գործարարությամբ:

Առնվազն կա հարց՝ իսկ չկա՞ ընդհանրապես Հայաստանում տնտեսության վերամոդելավորման կարիք: Խոսքն այն մասին է, որ ներկայում փլուզվում է գլոբալ աշխարհը: Անշուշտ, ինչպիսին էլ լինի նոր աշխարհը, գլոբալացումը լինելու է, եւ հարցն այն է, թե ինչպես, ինչ մասշտաբով, ինչ ուղղությամբ: Պետություններն այստեղ կանգնում են էական որոշումների առաջ, հատկապես այն պետությունները, որոնք համաշխարհային տնտեսության մեջ ունեն համեմատաբար նվազ տեսակարար կշիռ եւ չունեն լոկոմոտիվային դերակատարում:

Հայաստանն այդպիսի տնտեսությունների շարքում է եւ ըստ այդմ որոշման անհրաժեշտության առաջ՝ նոր տնտեսական մոդելի հարցում ապավինել համաշխարհային տնտեսության գլոբալ մեխանիզմների՞ն, թե՞ կառուցել տնտեսական կյանքի այնպիսի մոդել, որտեղ գերակա լինի հնարավորինս ինքնաբավության գաղափարախոսությունը, որեւէ հաջորդ համաշխարհային ճգնաժամի պայմաններում սոցիալ-տնտեսական հնարավորինս քիչ ռիսկերի առաջ կանգնելու համար:

Դա ամենեւին չի նշանակում խուսափել գլոբալ տնտեսությունից: Ավելին, Հայաստանի ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի գլոբալ տնտեսության մեջ հնարավորինս մեծ մասնակցության հասնելը: Սակայն, խոսքն այն մասին է, որ հայաստանյան տնտեսական մոդելն ինքնին պետք է կառուցված լինի առավելապես ներքին ռեսուրսների վրա, ինչն ի դեպ առավել անկաշկանդ կարող է դարձնել գլոբալ տնտեսությանը մեր մասնակցությունը:

Այստեղ է, որ իրավիճակի մոդելավորումը պահանջում է, որպեսզի քաղաքական էլիտան առաջնորդի գործարար հանրույթին, քանի որ այդօրինակ մոդելավորումը պահանջելու է տեսական եւ գործնական կարողությունների գերբարձր համադրելիություն: Առավել եւս, որ իքնաբավությունը պետք է դիտարկելերկշերտ մոդելում՝  ներհայաստանյան եւ համահայկական: Այդպիսով, Հայաստանի նոր տնտեսությունը թերեւս պետք է կառուցվի եռաշերտ մոդելով՝ ներքին «ինքնաբավություն», համահայկական «ինքնաբավություն» եւ գլոբալ մասնակցություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments