Vostikanner qnac

«Ես խիստ քննադատական վերաբերմունք ունեմ Արցախի արդարադատության նախարարության նկատմամբ։ Առանց հաշվի առնելու օրենքի պահանջը, արդյոք հանրապետության առնվազն երեք շրջանում ունեն կուսակցության ստորաբաժանում, քանի անդամ ունեն, ընդամենը մի հիմնադիր ժողովի արձանագրության հիման վրա ինչ-որ խմբի գրանցել են որպես քաղաքական ուժ»,- ասաց արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպին, պատգամավորի թեկնածու, «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի ձերբակալությանը։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Այնտեղ կա քաղաքական ուժ, այնտեղ կա խմբակ, որը ես անվանում եմ խունվեյդին, որոնք ներդրված են քարոզարշավի մեջ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի ու նրան սատարող «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի կողմից։ Նրանք ներդրվել են, որպեսզի ապականեն նորմալ քաղաքակիրթ ընտրարշավը։ Չկա այնտեղ կուսակցություն, մարդկանց խմբակ է, որոնք իրենց թույլ են տալիս ճանապարհ փակել, մեկուկես ամիս հետո նախագահի լիազորություններն ավարտող նախագահի հրաժարական պահանջել։ Արցախում նման պահանջ չկա, եթե լիներ՝ Արցախի վաղեմի քաղաքական ուժերը, որոնք երեք տասնամյակ է, ինչ գործում են, դա կանեին։ Օրինակ՝ ՀՅԴ-ն Արցախում ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, բայց այդ կուսակցությունը քաղաքակիրթ, պարկեշտ, կոռեկտ ու շատ գրագետ քարոզարշավ է տանում՝ քննադատելով իշխանությանը, վկայակոչելով նախկինում գործած սխալները, բայց միևնույն ժամանակ մնալով կոռեկտության ու քաղաքակրթության սահմաններում»։

Վահրամ Աթանեսյանն իր զարմանքն է հայտնում, թե ինչպես է ԱՆ-ն այդ խմբակը գրանցել որպես կուսակցություն. «Այդ մարդիկ չունեն 100 կուսակցության անդամ, չունեն հանրապետության երեք շրջանում կուսակցության ստորաբաժանում։ Այսինքն՝ նրանք գործում են օրենքից դուրս, և նրանց նկատմամբ ոստիկանությունը դեռևս չափազանց մեղմ է վերաբերվում։ Արդարադատության նախարարն իր ամբողջ աշխատակազմը ուղղորդել է թեկնածուներից Մասիս Մայիլյանի օգտին աշխատելու, ի՞նչ նպատակներով է այդ խունվեյդինական խումբը գրանցել որպես կուսակցություն։ Կոնկրետ ահաբեկչությանը նպաստող կուսակցություն է, որն իբր նախընտրական քարոզարշավի անվան տակ բացահայտ բռնություն է քարոզում։ Կոչ է անում ֆիզիկական հաշվեհարդարի ենթարկել նախագահի թեկնածուին, հանրապետության գործող նախագահին, սահմանադրական կարգը բռնությամբ տապալել, կոչ է անում 1937 թվականի բերիաստալինյան ոճով հանրապետության բոլոր գործարարներին ունեզրկել, կուլակաթափել, ինչի՞ հիման վրա, այդ մարդկանց հանցանքը ո՞րն է, դատարանը ապացուցե՞լ է նրանց մեղքը։ Եթե հարկ կլինի՝ դատարանի վճռով ապօրինի գույքը կբռնագրավեն ու կպետականացնեն։ Առանց հիմքի հայտարարություններ են անում՝ ուղղված հասարակության, իրենց կարծիքով, լյումպենացված զանգվածին, որոնք կարող են դուրս գալ ու սոցիալական բունտ սկսել։ Բայց Արցախում, բարեբախտաբար, լյումպենացված խումբ չկա, բոլորն էլ կամ միջին կամ միջինից մի քիչ ցածր կենսամակարդակի մարդիկ են։ Առօրյա հացի սուր խնդիրներ Արցախում չեն եղել ու չկան»։

Մեր զրուցակիցը չի կիսում նաև Վիտալի Բալասանյանի՝ Արցախում արտակարգ դրություն հայտարարելու կոչը: «Չգիտեմ, թե ինչի հիման վրա է Բալասանյանը արտակարգ դրություն մտցնելու կոչ հնչեցրել։ Արցախում նոր կորոնավիրուսի հայտնաբերման դեպք չի գրանցվել, իրավիճակը նորմալ է, քարոզարշավն ընթանում է օրենքի շրջանակներում, կոռեկտության ու քաղաքական պարկեշտության շրջանակներում։ Այսինքն՝ արտակարգ դրություն մտցնենք, որ ի՞նչ, նախագահական ընտրությունները հետաձգե՞նք։ Մեր Սահմանադրությունը նախատեսում է ընտրությունների չանցկացման մի կետ՝ պատերազմական իրավիճակ։ Ընտրական օրենսգրքում պարզ գրված է` ընտրությունները չեն անցկացվում պատերազմական իրավիճակում։ Այսինքն՝ արտակարգ դրության ժամանակ ընտրությունների հետաձգում չի նախատեսվում։ Իսկ ընդհանրապես քարոզարշավը նորմալ եմ գնահատում, հիմնականում՝ քաղաքակիրթ, պարկեշտության ու օրենքի շրջանակներում։ Մարտի 31-ի քվեարկությունը կբացահայտի հաղթողին։ Ես շարունակում եմ մնալ իմ տեսակետին. Ընտրությունները կավարտվեն առաջին փուլով, և հաղթանակ կտանի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը»,-եզրափակեց Վ. Աթանեսյանը։
Spread the love