Ո՞վ է աղիողորմ լացել «Եվրոպայի միջանցքներում». Նիկոլ Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը

- in Վերլուծական

Նախկիններն ասում են՝ էս կառավարությունը մեր ազգային արժեքների դեմ է, պրոարեւմտյան է, պրոեվրոպական է. իրենք սա ասում են, հետո վազում են Եվրոպայի միջանցքներում սկսում են աղիողորմ լացել, թե բա մեզ ճնշում են Հայաստանում: Այս մասին Մեղրիում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչի՞ եք գնացել եվրոպացիներին դիմել, եկեք ձեր ժողովրդին ասեք, ասեք՝ մեզ ճնշում են: Հլա դուրս եկեք ժողովրդին ասեք՝ մեզ ճնշում են: Ընդհակառակը, այսօր մեզ ժողովուրդը քննադատում է, ասում է՝ դրանց հետ շատ եք նեյնիմ-նեյնիմ անում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը Սյունիք է մեկնել «Եվրոպայի միջանցքներից»՝ Բրյուսել կատարած մեկօրյա այցից անմիջապես հետո: Այնտեղ նա հանդիպել է Եվրամիության ղեկավարներին եւ Եվրոպական ամենամեծ կուսակցության՝ ԵԺԿ ղեկավար Դոնալդ Տուսկին: Նիկոլ Փաշինյանի այցից երկու օր առաջ «Եվրոպայի միջանցքներում» էր Սերժ Սարգսյանը, ով նույնպես հանդիպել է Տուսկի հետ: Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյա՞նն է «լացել» Տուսկի մոտ, եւ վերջինս էլ պատմել է Նիկոլ Փաշինյանի՞ն:

Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանի կողմնակիցները կարծես թե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չեն մեղադրել պրոեվրոպական կամ պրոարեւմտյան լինելու մեջ: Ընդհակառակը, նրանք քննադատում են Փաշինյանին Եվրոպայի ուղղությամբ պասիվ քաղաքականության համար: Փոխարենը, Փաշինյանի կառավարությանը պրոարեւմտյան լինելու մեջ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, որոնք սակայն հրապարակային կարծես թե «լացում են» միայն Ռուսաստանում:

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական ուղղաթիռով Սյունիքի մարզ է ժամանել, որովհետև չի կարող հրաժարվել օրենքով իրեն հատկացված պահպանությունից։

Փաշինյանն այս հարցին անդրադարձավ մարտի 10-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ հնչած քննադատություններին։ «Սյունիքի մարզ եմ ժամանել ուղղաթիռով, Մեղրիից այստեղ էլ եկել եմ պետական մեքենայով, որովհետև չեմ կարող չգալ, որովհետև այդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա, և, նույնիսկ, չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր, և լինում են դեպքեր, երբ այդ ուղղաթիռը դատարկ թռցնում են, որ այն չփչանա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments