Tatron

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություն է տարածել Հայաստանում գործարարի և 5 ՀՀ քաղաքացու պատվիրված սպանություն կանխելու մասին:

Թե հատկապես ում մասին է խոսքը՝ անձնական մանրամասներ չեն նշվում, սակայն խոսքը փաստորեն 6 անձի պատվիրված սպանության մասին է: Եվ այստեղ անշուշտ առկա են մի շարք վտանգավոր ասպեկտներ:

Նախ, իհարկե, խոսքը մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործության մասին է, որը չի պահանջում որևէ ավելորդ մեկնաբանություն: Դրան զուգահեռ՝ կա նաև ուղղակի հանրային կարգի դեմ ուղղված ոտնձգության խնդիրը, որը ոչ միայն վտանգավոր է մարդու կյանքի դեմ կատարվող ոտնձգությունից ոչ պակաս, այլև գործնականում ոտնձգություն կարող է լինել պետության կյանքի դեմ: Պատկերացնել կարելի է, թե ինչ է նշանակում պատվիրված սպանությունների մի ամբողջ շղթա: Կարելի է պատկերացնել դրա հետևանքը հանրային տրամադրությունների, ընկալումների, հոգեվիճակի, Հայաստանում օպերատիվ վիճակի և կառավարելիության վերաբերյալ հանրային գնահատականը, անպաշտպանության զգացում, որ համակելու էր հանրությանը:

Հնարավոր է պատկերացնել, թե այդօրինակ շղթան ինչ ազդեցություն էր ունենալու Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, գործարար աշխարհի սպասումների և զգացողությունների վրա: Առավել ևս այդ ամենը՝ ի լրումն հետհեղափոխական տեղեկատվաքարոզչական այն միջավայրի, որտեղ ակնհայտ կերպով դրված և իրացվում են հանրային խուճապ հրահրելու նպատակներ:

Ըստ այդմ՝ ԱԱԾ բացահայտումը ոչ թե լոկ պատվիրված սպանության կանխարգելում է, այլև գործնականում Հայաստանի Հանրապետության դեմ հանցագործության, ազգային անվտանգության սպառնալիքի բացահայտում և կանխարգելում: Ըստ այդմ՝ շատ կարևոր է դառնում, թե ո՞վ է եղել պատվիրատուն, ի՞նչ շրջանակների հետ են եղել նրա կապերը:

Գործնականում խոսքը կարող է լինել Հայաստանում պարզապես ահաբեկչության հետ, որովհետև պատվիրված սպանությունների շղթան այլ բան չէ, քան «յուրօրինակ ահաբեկչական ակտ», հանրությանն ահաբեկելու փորձ: Ըստ այդմ՝ անկասկած է, որ տեղի ունեցածը կամ բացահայտվածը պահանջում է լայնամասշտաբ քննություն՝ համոզվելու համար, որ առերևույթ, այսպես ասած, շահադիտական նկատառումներով պատվիրված և կազմակերպվող սպանությունները, որոնք բարեբախտաբար չեն հասել տրամաբանական ավարտին, որևէ ճյուղավորումով չեն տանում «քաղաքական արմատների», այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •