Ո՞վ է մեղավոր կորոնավիրուսի համաճարակի համար

- in Հասարակություն

Մեծ քսանյակի վեհաժողովը տեսակոնֆերանսի արդյունքներով բանաձեւ է ընդունել, որով աշխարհի խոշորագույն տնտեսությունները պարտավորվել են 5 տրիլիոն դոլար հատկացնել համաճարակի ժամանակ տնտեսությանն աջակցելու համար:

G20-ի վեհաժողովի հայտարարությունում չի նշվում, թե նոր տիպի կորոնավիրուսն ինչ է իրենից ներկայացնում, որտեղ է ծագել ու ով է մեղավոր: Վեհաժողովից մեկ օր առաջ ԱՄՆ-ն ու Չինաստանը նորից մեղադրել են միմյանց վիրուսի տարածման մեջ, բայց հետո հայտարարել են, որ որոշել են այդ հարցը չքննարկել վեհաժողովում:

 

ԱՄՆ-ն, ի դեպ, Չինաստանին մեղադրում է ոչ թե վիրուսի տարածման, այլ տեղեկությունները թաքցնելու մեջ. եթե Չինաստանը ժամանակին բացհայտեր համաճարակի մասին տեղեկությունը, աշխարհը կկարողանար կանխել տարածումը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է կիրառել «ուհանյան վիրուս» տերմինը եւ հայտարարել է համավարակի վերաբերյալ թափանցիկության հարցում Չինաստանի «հատուկ պատասխանատվության» մասին: «Կարեւոր է, որ աշխարհում բոլորը հասկանան, թե ինչպես է այս ամենն սկսվել, քանի որ անհրաժեշտ է թափանցիկություն մարդկանց կյանքերը փրկելու համար», ասել է Պոմպեոն:

Չինաստանն իր հերթին ԱՄՆ-ին է մեղադրում վիրուսի տարածման մեջ: Չինաստանում պահանջում են, որ ԱՄՆ-ն հրապարակի տեղեկություններ Պենտագոնի լաբորատորիայի մասին, որտեղ վարակիչ հիվանդությունների ուսումնասիրություններ են իրականացվում: Համացանցի չինացի օգտատերերն ու փորձագետներն ուզում են իմանալ՝ արդյոք Ֆորթ Դեթրիքի լաբորատորիան կապված է կորոնավիրուսի բռնկման հետ, գրում են չինական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ժաո Լիծիանը հայտարարել է, որ չնայած վիրուսը Չինաստանում է հայտնաբերվել, այն կարող էին բերած լինել ամերիկացի զինվորականները: Նախարարության մեկ այլ ներկայացուցիչ՝ Գեն Շուանը հայտարարել է. «Իրականում, միջազգային հանրությունում ու բուն ԱՄՆ-ում տարբեր կարծիքներ կան վիրուսի աղբյուրի մասին: Միշտ ասել եմ, որ Չինաստանի տեսանկյունից սա զուտ գիտական հարց է, որը պահանջում է գիտական ու մասնագիտական մոտեցում»:

Համաշխարհային մամուլը փորձում է պարզել՝ կորոնավիրուսը բնական մուտացիա է, թե կենսաբանական զենք: Ամերիկյան պահպանողական լրատվամիջոցները պահանջում են, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո Չինաստանը տուգանք վճարի, առնվազն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Այդուհանդերձ, Չինաստանն ու ԱՄՆ-ն թայմ-աութ են վերցրել կորոնավիրուսի հարցում միմյանց մեղադրելու գործում եւ կենտրոնացել են համավարակի խնդիրների վրա, գրում են ամերիկյան լրատվամիջոցները: G20-ի երկրների մարտի 26-ի համատեղ հայտարարությունում չկա «ուհանյան» բառը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments