Vitali Balasanyan

Կորոնավիրուսի դեմ պայքարի Արցախի շտաբը կոչ է արել արցախցիներին 7 օր զերծ մնալ Հայաստան այցելությունից, պայմանավորված Հայաստանում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների ռեժիմի խստացման հետ: Արցախի շտաբը նաև հայտնում է, որ Արցախում հայտնաբերված չէ կորոնավիրուսով վարակի որևէ դեպք:

Արցախի շտաբի կոչը տեղի է ունենում զուգահեռ այլ կոչերի ֆոնին, որոնք ուղղված են Արցախում դեկտեմբերի 31-ին սպասվելիք համապետական ընտրությունը չեղարկելու հետ:
Օր օրի Հայաստանից ավելանում է այդպիսի կոչ անող հասարակական և քաղաքական որոշակի շրջանակների ներկայացուցիչների քանակը, որոնք ակնհայտորեն փորձում են արցախցիների մոտ տագնապ առաջացնել ընտրական գործընթացի նկատմամբ: Այստեղ ակնհայտորեն կա երկու հանգամանք: Մեկը՝ հասնել ընտրության չեղարկման, հետաձգման, մյուսը՝ եթե առաջինը չստացվի, առնվազն հասնել նրան, որ մարդիկ ընտրության օրը, այսինքն մարտի 31-ին այսպես ասած մտահոգությունից ելնելով զերծ մնան ընտրատեղամաս այցելելուց:

Այլ կերպ ասած, նվազագույնը դրված է խնդիր Արցախում ապահովել այսպես ասած քվորումի բացակայություն և այդպիսով տապալել ընտրությունը: Եվ այստեղ բնականաբար առաջանում է պարզ հարց, թե ո՞ւմ կարող է անհրաժեշտ լինել Արցախում տապալել նոր քաղաքական իշխանության ձևավորման հնարավորությունը, ո՞ւմ կարող է ձեռնտու լինել Արցախում հին քաղաքական իշխանության կյանքը երկարաձգելու իրողությունը: Այստեղ անշուշտ պատասխանները միարժեք լինեն չեն կարող, քանի որ խոշոր հաշվով միարժեք կամ միատարր չէ հին քաղաքական իշխանություն ասվածը, թե Արցախի, թե Հայաստանի առումով, հատկապես Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Բայց, այդուհանդերձ, Արցախում ընտրական գործընթացի վերաբերյալ տեղեկատվական դիվերսիան դառնում է ավելի ու ավելի ակնառու:

Այդ ֆոնին հատկանշական է, որ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 24-ին վարչապետ Փաշինյանի որոշմամբ գործուղվել է Արցախ: Եվ ահա Արցախից հայտարարությունը՝ 7 օր, այսինքն ընտրական եզրագծում զերծ մնալ Հայաստան այցելությունից, ինչի տողատակում թերևս իրավիճակի կառավարման առավել համապարփակ բնույթն է: Արդյո՞ք դա Երևանից ստացված հորդորն է, որ փոխանցել է ԱԽ քարտուղարը, ընտրական գործընթացի ընթացքը երաշխավորելու տրամաբանության տեսանկյունից: Եվ արդյո՞ք չարժե անցնող յոթ օրերի ընթացքում սահմանափակել նաև Հայաստանից այցերը Արցախ, հատկապես կորոնավիրուսով «մտահոգ» շրջանակների ներկայացուցիչների այցերը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •