«Արտակարգ իրավիճակն ու արտակարգ դրությունը պետք է հստակ տարբերակել։ Ներկայիս իրավիճակն ամբողջությամբ տեղավորվում է 1998 թվականին ընդունված Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքում, քանի որ այդ օրենքում կա համաճարակ երևույթը։

Այսինքն նախ պետք է հայտարարվի համաճարակ, որից հետո քննարկվի արտակարգ իրավիճակ հայտարարելու և օրենքի հիման վրա համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու հարցը։ Բայց ոչ մի պարագայում չի կարող խոսք գնալ արտակարգ դրության մասին»,- ասաց նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակում արդյոք հնարավոր է արտակարգ դրություն հայտարարել։

Օհանյանի խոսքով, այո, արտակարգ դրություն հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում և դրա համար արտակարգ իրավիճակը կարող է հիմք հանդիսանալ, բայց սա, Օհանյանի խոսքով, չի նշանակում, որ յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ պետք է հանգեցնի արտակարգ դրության հայտարարման. «Բացարձակ պարտադիր չէ, բայց կարող է այդ հիմքով արտակարգ դրություն հայտարարվել։ Սակայն երբ նայում ենք Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքը, հասկանում ենք, որ դա շատ հեռու է արտակարգ դրություն հայտարարելու հիմքերից։ Արտակարգ իրավիճակը պետք է սպառնա սահմանադրական կարգին։ Միայն այդ դեպքում է հնարավոր արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարվի արտակարգ դրություն։ Ես կարծում եմ, որ արտակարգ դրության մասին խոսել իմաստ չունի։ Ամենաշատը՝ արտակարգ իրավիճակի մասին կարելի է խոսել»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ իրավիճակը գնահատելը կառավարության որոշելիքն է։

Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակը համաճարակ գնահատելուն և դրա հիմքով արտակարգ իրավիճակ հայտարարելուն, ապա մեր զրուցակիցն ասաց, որ ինքը մասնագետ չէ, բայց ներկա վիճակագրությունը, 28 և ավել դեպքերը դեռևս համաճարակի հիմք չեն, քանի որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ սեզոնային գրիպով պայմանավորված սրված իրավիճակում պատկան մարմինները հայտարարում էին, որ համաճարակ չկա, խուսափում էին անգամ համաճարակ տերմին օգտագործելուց,«մյուս կողմից էլ եթե աշխարհում պանդեմիա է հայտարարվել, ապա մերոնք ևս հնարավոր է ճանաչեն։ Դա քաղաքական պատասխանատվություն է՝ ճանաչել իրավիճակը և դրանից բխող միջոցառումներ իրականացնել»։

Մեր դիտարկմանը, ստեղծված իրավիճակը ինչպե՞ս կարող է անդրադառնալ հանրաքվեի վրա, եթե արտակարգ իրավիճակ հայտարարվի և հնարավոր չլինի չեղարկել հանրաքվեն, Օհանյանը պատասխանեց․«Կարծում եմ իրավիճակով պայմանավորված հնարավոր է հետաձգել 1 շաբաթով,10 օրով։ Կարծում եմ նաև, որ եթե քվեարկությունը գրագետ կազմակերպվի, հսկվի, որպեսզի կուտակումներ չլինեն, քիչ-քիչ մտնեն տեղամաս, տեխնիկական կազմակերպչական հարցեր լուծվեն, ախտահանվի տարածքը, ապա կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Դա ճիշտ կազմակերպելու պարագայում կարծում եմ, որ հանրաքվեն կարող է նաև մարդկանց ախտահանման շատ լավ միջոցառում լինի»,- եզրափակեց Օհանյանը։

Spread the love