Ոստիկանապետի տեղակալը՝ ինքնամեկուսացման կարգը խախտած մարդկանց մասին

- in Հասարակություն
Vostikan

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ոստիկանության ինքնամեկուսացած ծառայողներ կան: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Նա նշեց, որ ինքնամեկուսացած ոստիկանների թիվը չի հրապարակի, բայց նրանք շատ չեն:

«Ունենք ոստիկաններ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է: Մեկ ոստիկան իր ընտանիքով Ծաղկաձորում ուղղակի հսկողության տակ է»,- ասաց նա:

Ըստ փոխոստիկանապետի՝ Ոստիկանության հոսպիտալում նույնպես կազմակերպվել է կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժումը: Եվ այժմ  Ոստիկանության հոսպիտալում 59 ՀՀ քաղաքացիներ կան:

Մհրյանի խոսքով՝ օրը մի քանի անգամ հեռախոսով կապ են հաստատում ինքնամեկուսացած քաղաքացիների հետ: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները խախտում են ինքնամեկուսացման կանոնները: «Եվ Առողջապահության նախարարության կողմից մեզ տեղեկություններ են տրվել, որ այսինչ հասցեում այսինչ անձը կատարում է ինքնամեկուսացման խախտում: Մենք անմիջապես կապվում ենք տվյալ անձի հետ, հորդորում, բացատրում և խնդրում ենք, որ նա կատարի ինքնամեկուսացման պայմանները: Ես թվեր չեմ ասի, որ ՀՀ-ում ունենք մեկուսացված անձինք, և այդ ցուցակներն ամեն օր ճշգրտվում են Առողջապահության նախարարության հետ, հաջորդ օրը աշխատում ենք այդ ճշգրտված ցուցակներով»,- նշեց նա:

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոստիկանությունը կազմել է 73 արձանագրություն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում սահմանված քանակից ավելի անձանցով երթևեկություն կազմակերպելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

«Անկախ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակից, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները պետք է կատարեն սահմանված նստատեղերի պահանջը։ Մարտի 20-ից մեր կողմից ուժեղացված ծառայություն է սկսվել և այն շարունակական բնույթ է կրում։ Մարտի 20-ին մենք կազմել ենք 73 արձանագրություն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում սահմանված քանակից ավելի անձանցով երթևեկություն կազմակերպելու համար»,- նշեց Մհրյանը։

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո մոտ 22 լրատվամիջոցների ոստիկանությունը հորդորել է հեռացնել հրապարակումը՝ խուճապ առաջացնող տեղեկություն պարունակելու հիմքով: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

«22 լրատվամիջոցների հետ մեր ստորաբաժահումներն աշխատել են, հորդորել են, որպեսզի մասնավորապես պարետի ցուցումներին հակասող և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող տեղեկատվություննեերը հեռացվեն»,- ասաց փոխոստիկանապետը:

Հարցին, թե ո՞վ է որոշում՝ որ տեղեկությունն է խուճապ առաջացնում, Մհրյանը պատասխանեց. «Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ովքեր այդ տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրում են: Եվ խուճապ առաջացնող տեղեկատվություն պարունակելու դեպքում անմիջապես արձագանքում են՝ հենվելով պարետի ցուցումի վրա»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments