Ովքեր են վերապրելու կորոնավիրուսը

- in Ով ով է ...

Կորոնավիրուսը տվել է աշխարհի ապագայի մասին խորհելու լայն առիթ, որն օգտագործում են ամենատարբեր շրջանակներ, տալով նոր աշխարհի վերաբերյալ իրենց պատկերացումների շարադրմամբ հանրային մտորումների մեծ առիթ:

Դեռևս հնարավորություն կլինի գնահատել, թե ի վերջո ինչպիսի աշխարհի հետ ենք գործ ունենալու, որովհետև առայժմ միակ որոշակի բանը անորոշությունն է: Սակայն, թերևս հնարավոր է խոսել ևս մի հանգամանքի մասին, որում պետք է շատ թե քիչ լինել համոզված կամ վստահ: Խոսքն այն մասին է, թե ովքեր են վերապրելու կորոնավիրուսը: Տվյալ պարագայում նկատի ունեմ հասարակությունները, պետությունները, ոչ թե անհատները: Ո՞ր պետություններն ու հասարակություններն են վերապրելու կորոնավիրուսը, բառի ավելի շատ իհարկե ոչ ֆիզիկական իմաստով, որովհտև ի վերջո հազիվ թե համաճարակը վերացնի ամբողջական ազգեր ու պետություններ, դա կլինի աներևակայելի մի մղձավանջ, ամենավատ երազում անգամ դժվար պատկերացնելի:

Խոսքն իհարկե ոտքի վրա մնալու, կանգում մնալու, կորոնավիրուսից հետո «փողոց դուրս գալու» ունակության մասին է: Աներկբա է, որ դրա հնարավորությունը պահպանելու են այն հասարակությունները, այն պետությունները, որոնք լինելու են առավել կազմակերպված, որոնք կարողանալու են գտնել ճգնաժամի պայմաններում ոչ միայն առողջապահական կամ տնտեսական, այլ նաև սոցիալ-հոգեբանական լուծումներ, ուղղված սոցիալական համերաշխության ապահովմանը թե ճգանաժմի, թե հետճգնաժամային իրավիճակի համար: Դա ենթադրում է հասարակական համակեցության և պետական կյանքի կազմակերպման նոր մոդելների վերաբերյալ գաղափարների առատություն և դրանք քննարկելու, ընդհուպ դրանց շուրջ առողջ բանավեճի կարողություն: Այդ հանգամանքը հատկապես կարևոր է լինելու հանրությունների ու պետությունների համար, որոնք չեն դասվում համաշխարհային կյանքի առաջատարների շարքին և չեն տիրապետում այն ահռելի տեխնոլոգիական, ռազմա-քաղաքական մրցակցային կարողություններին, որ ունեն այդ առաջատարները և որը անկասկած պահպանելու են անգամ ճգնաժամային պայմաններում և հետկորոնավիրուսային իրողություններում:

Հայաստանը ցավոք այդ առաջատարների շարքում չէ, սակայն այստեղ է նաև հետկորոնավիրուսային «ռեբուսի» «անհամեստ հմայքը»: վարակը, համաճարակը գործնականում զրոյացնում է եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան, և ստեղծում «հավասար հնարավորությունների» միջավայր, որտեղ նոր գործիքները դառնում են անհամեմատ ավելի մրցունակ, քան եղածները, կամ համենայն դեպս դառնում են եղած առաջատարների հանդեպ մրցունակ: Այստեղ Հայաստանի, Հայաստանի հասարակության, հայության շանսը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments