Որքա՞ն ժամանակ կպահանջվի տնտեսությունը վերականգնելու համար

- in Տնտեսական

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ կան որոշ ոլորտներ, որոնք արդեն ունեն շրջանառության կտրուկ անկում։ Ամենաառաջինը զբոսաշրջային ոլորտն է, ապա՝ հանրային սնունդը, հյուրանոցային ոլորտի ծառայությունները, տրանսպորտը։

Բաբկեն Թունյանի կարծիքով, երբ պետությունն իր որոշումներով սահմանափակում է որոշ ոլորտների գործունեությունը, բնականաբար չի կարող հենց այնպես ձեռքերը ծալել եւ ասել, որ տնտեսվարողներն ամեն ինչ վերցնեն իրենց վրա. «Պետության կողմից մշակվում են տարբեր միջոցառումներ։ 3 միջոցառում արդեն հրապարակվել է, եւս 2-ը կհրապարակվեն։ Պետությունն աջակցություն է ցուցաբերում այդ տնտեսվարողներին»։

Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ պետությունն է սահմանել արտակարգ դրություն եւ պարտավոր է վճարել չաշխատողների աշխատավարձերը, Բաբկեն Թունյանը նկատեց, որ Գագիկ Ծառուկյանն իրավունք ունի ցանկացած հայտարարություն անելու, իսկ պետությունն իր պատասխանատվությունն ու պարտավորությունները հստակ գիտակցում է. «Եթե մենք այսօր սխալ որոշումներ կայացնենք, հետագայում դա բնականաբար մեզ վրա է ազդելու»։

Գագիկ Ծառուկյանի մյուս հայտարարությունը, թե պետությունը գործարարների կաշին քերթելով բյուջե է լցնում, Բաբկեն Թունյանի համար տեղին չէ. «Կաշին քերթելը նշանակում է որ իմանաս, որ մարդն իրականում չի կարող ինչ-որ բան անել ու գնաս նրան ստիպես, որ իր ունեցվածքը վաճառելով բերի պետության հարկերը վճարի։ Նման գործելաոճ չի կարող լինել որովհետեւ այդ հարկերը հավաքելն ինքնանպատակ չէ, առաջնահերթ նպատակը տնտեսությունը կայուն վիճակում պահելն է, ոչ թե բիզնեսին սնանկացնելը»։

Բաբկեն Թունյանի կարծիքով, շատ դժվար է պատասխանել հարցին, թե որքա՞ն ժամանակ կպահանջվի տնտեսությունը վերականգնելու համար, որովհետեւ ամեն ինչ կախված է հանգամանքներից եւ ժամանակից. «Եթե առողջապահական առումով մեզ մոտ վիճակը կայունանա, մենք շատ արագ տնտեսական վիճակն էլ կկայունացնենք։ Իհարկե, դա ավելի դժվար կլինի, բայց եթե մեկ ամսից առողջապահական առումով ամեն ինչ կարգավորված լինի, տարին մենք կփակենք նորմալ տնտեսական վիճակով»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments