Ունենք կորոնավիրուսով վարակի ևս 2 հաստատված դեպք

- in Առողջություն

Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։

Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած, տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով մարտի 15-ից սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել համայնքը:

«Երեկ անմիջապես եղավ քաղաքապետի հանձնարարականը, որ մենք պետք է մասնագիտացված ընկերության կողմից ախտահանում իրականացնենք նաև մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի միջոցներով: Ամբողջությամբ դաշտը վերցրել ենք մեր հսկողության տակ, ախտահանման աշխատանքները կիրականացվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի առողջապահության նախարարի համապատասխան ցուցումով. կախտահանվի և՛ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը, և՛ մասնավոր երթուղիների շարժակազմերը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը:

Քաղաքապետարանի նկարահանող խումբը մայրաքաղաքի երթուղիները սպասարկող մասնավոր ընկերության ամենամեծ հավաքակայաններից մեկում է եղել: Աշխատանքներն իրականացվում են «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ կողմից: Հասարակական տրանսպորտը ախտահանվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով և հատուկ նյութով:

«Մեր ընկերությունը սպասարկում է 11 երթուղի: Վաղն արդեն ամբողջությամբ կունենանք ախտահանված մեքենաներ»,- նշում է «ՄՈՒԱՏ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կարեն Բեգլարյանը:

«Ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Մասնագիտացված հատուկ խմբերը կաշխատեն ողջ գիշեր, որպեսզի արդեն առավոտյան միկրոավտոբուսները, ավտոբուսները, տրոլեյբուսները և մետրոն ախտահանված ու պատրաստ լինեն շահագործման»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments