«Պարետատունն իր քմահաճույքի համար չի փակել ռեստորանները, եթե պարետատունը չփակի այդ սննդի օբյեկտը՝ սպառնալիքը գնահատելով, և այդ սննդի օբյեկտի աշխատակիցը վարակվի կորոնավիրոսով, հետո էլ վարակի տարիքով ծնողներին, ծնողի հետ մի բան լինի, հետո այդ օբյեկտի աշխատողը գալու է ասի՝ կառավարությունը ինչո՞ւ վտանգը չգնահատեց ու չփակեց»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարության վաղվա նիստում ընդունվելու է այդ թվում՝ գյուղատնտեսությանը մեծածավալ աջակցություն ցուցաբերելու փաթեթ։ Եվ նաև բիզնեսին մեծածավալ աջակցություն ցուցաբերելու փաթեթ կընդունվի։ «Մենք ընդհանրապես նախատեսում ենք կառավարության վաղվա նիկստում հինգ փաթեթ ընդունել, որոնք այս ճգնաժամային իրավիճակի հետ են կապված»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ շատ երկրներ կան, որոնք առաջնորդվում են այս տրամաբանությամբ՝ եկեք փող բաժանենք։ «Մենք այս տրամաբանությունը չենք ընդունում, ասում ենք՝ պետք է օգնենք հասցեական և պետք է օգնենք այն ընկերություններին, ովքեր պատրաստ են ընդունել մարտահրավերը՝ մրցունակ լինելու հետկորոնավիրուսային շրջանում կամ հենց կորոնավիրուսին զուգընթաց»,- ասաց նա։

Կառավարությունը մարտի 26-ի նիստում կքննարկի գյուղատնտեսության, այդ թվում՝ խոզաբուծության աջակցության ծրագիր` պետության համաֆինանսավորմամբ և 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորմամբ: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի բարձրացրած հարցին, թե Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում խոզաբույծները հատնվել են դժվար դրության մեջ, քանի որ մսի հիմնական սպառողները` ռեստորանները, չեն գործում:

«Մենք վաղը կառավարության նիստում ընդունելու ենք այդ թվում գյուղատնտեսությանը, բիզնեսին մեծածավալ աջակցություն ցուցաբերելու փաթեթ: Պլանավորում ենք կառավարության վաղվա նիստում 5 փաթեթ ընդունել, որոնք կապված են այս ճգնաժամային իրավիճակի հետ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ խոզաբուծության համար էլ ծրագրում ավելացրել են նոր կետ: Դրվել է վարկային կոմպոնենտ: «Բայց այնպես ենք արել, որ 0 տոկոսով լինի: Այսինքն՝ խոզաբուծության ոլորտին պարտքով փող ենք տալիս»,-ասաց Փաշինյանն ու վստահեցրեց, որ խոզաբուծության համար առաջարկելու են 0 տոկոսով վարկ` ընդ որում կառավարության համաֆինանսավորմամբ:

Նա նկատեց` շատ երկրներ առաջնորդվում են փող բաժանելու տրամաբանությամբ: ՀՀ կառավարության  համար այն ընդունելի չէ: «Մենք ասում ենք, որ  մենք պետք է  օգնենք հասցեական և պետք է օգնենք այն ընկերություններին, որոնք պատրաստ են ընդունել մարտահրավերը` մրցունակ լինելու հետկորոնավիրուսային ժամանակում կամ հենց կորոնավիրուսին զուգընթաց»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հարցին, որ օրավարձով աշխատողները սոցիալական խնդրի առաջ են կանգնել այս օրերին։ «Մենք մեկ ու կես տարի մարդկանց կոչ ենք անում աշխատել օրինական դաշտում, գրանցել աշխատանքը, եկամուտը։ ՀՀ-ում օրավարձով աշխատող հասկացություն գոյություն չունի։ Կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող։ Ընդ որում, պարտավորություն է, որ աշխատանքն ու եկամուտը պետք է գրանցվի։ Հիմա այս պայմաններում բոլոր այն մարդիկ, ովքեր գրանցված աշխատող են, իրենք կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, որովհետև մենք այդ մարդկանց օգնելու մեխանիզմներ ենք գտնում, մենք իրենց կարողանում ենք գտնել՝ ինքը որտեղ է աշխատում, վերջին մեկ տարում, երկու ամսում ինչքան աշխատավարձ է ստացել, այս պայմաններում ինչքան եկամտից է զրկվել, մենք իրեն ինչքան պետք է օգնենք, որպեսզի իր սոցիալական վիճակը հնարավորինս կառավարի։ Օրավարձով աշխատող այն քաղաքացիները, ովքեր չեն գրանցվել, ընդհանրապես ստվերում են եղել, այսինքն՝ լավ ժամանակներում  ասել են՝ մենք թքած ունենք օրենքի վրա, կառավարության կոչերի վրա, իրենք հիմա նույնականացման պրոբլեմ ունենալու են։ Բայց մենք համարում ենք, որ իրենք մեր քաղաքացիներն են, և մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար անել քայլեր»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ իրենք սոցիալապես ոչ այնքան պաշտպանված խավի մեջ են մտնում, ուրեմն տվյալներից մեկում պետք է արտացոլված լինեն։ Տվյալներից մեկը Փարոս համակարգն է, հաջորդը այն քաղաքացիներն են, ովքեր վերջին ամիսներին դիմել են Փարոս համակարգ ընդգրկվելու համար, բայց չեն ընդգրկվել, երրորդ խումբը՝ որպես գործազուրկ գրանցվածների թվում կարող են լինել նրանք։ «Այսինքն՝ մենք այսօր իրենց գտնելու խնդիր ունենք։ Իրենք երբ աշխատել ու եկամուտ են ստացել, չեն հայտարարագրել իրենց՝ հարգելի կառավարություն, մենք եկամուտ ենք ստացել, սա էլ քո 23 տոկոս եկամտահարկը։ Այդ եկամտահարկը, որ իրենք չեն վճարել, մենք դրա պատճառով իրեն գտնելու խնդիր ունենք։ Եվ եթե ինքը հիմա հայտարարի՝ ես աշխատել եմ, չի կարող ապացուցել, որ աշխատել է։ Դրա համար հատկապես այսօր բոլորին կոչ ենք անում, որ օրինապահ քաղաքացի լինելը  կարգավիճակ է, որն անհրաժեշտ է բոլոր դեպքերում»,- ասաց Փաշինյանը։