Ապրիլյան պատերազմը երրորդ դեպքն էր, երբ մեզ կանգնեցրին, Արմնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Մենք պետք է հակահարված տայինք ու անցնեինք մեր մյուս գործերին, բայց մեզ զանգեցին ու ասացին՝ զինադադար են առաջարկում», ասել է Պարգև Սրբազանը եւ ավելացրել, որ մեր առաջխաղացման դեպքում անպատկերացնելի էր լինելու Իլհամ Ալիևի վիճակը. «Ես շատ բարկացա, երբ մեզ ասացին՝ զինադադար է լինելու: Ես այլևս զինվոր կորցնելուն պատրաստ չէի: Մենք պիտի առաջ գնայինք, բայց Ադրբեջանն արդեն երրորդ անգամ մեզ կանգնեցրեց՝ զինադադարով»:

Այն, որ մեր բանակին կանգնեցրել են թե Արցախյան առաջին պատերազմի, թե ապրիլյան պատերազմի ժամանակ, նորություն չէ: Վարկածներն ու տեսակետները տարբեր են, բայց ոչ ոք չի վիճարկում մեր առաջխաղացումը կանգնեցնելու փաստը: Սրբազանի խոսքերից ստացվում է, որ Ադրբեջանն է կանգնեցրել մեր բանակի առաջխաղացումը զինադադարի առաջարկով: Եվ ամենակարեւորը՝ որ «մեր առաջխաղացման դեպքում անպատկերացնելի էր լինելու Իլհամ Ալիևի վիճակը»:

Պարգեւ սրբազանը փաստացի հաստատում է այն թեզը, որ թե այսպես կոչված բանակցային գործընթացում, թե մարտական գործողությունների ժամանակ քաղաքական ղեկավարության խնդիրը Ալիեւի դիրքերն ու դեմքը պահելն է եղել: Դրանում շատերն են համոզված, եւ բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք ուղղակի կամ անուղղակի հաստատում են այն:

Սրբազանի այս հայտարարությունները հարցեր են առաջացնում Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Իսկապե՞ս Ադրբեջանի առաջարկով են կանգնեցրել հայկական բանակի առաջխաղացումը, որի արդյունքում ներկայում լիովին այլ, շահեկան ռազմա-քաղաքական իրավիճակ կլիներ Հայաստանի համար, թե՞ եղել են այլ «առաջարկներ»: Համենայնդեպս, այսպես կոչված բանակցային գործընթացը կառուցված էր ռազմական հաղթանակի չեղարկման տրամաբանությամբ, երբ հայկական իրավունքները ստորադասվեցին այլ մասնակիցների ու խաղացողների շահերին, ավելի ճիշտ՝ ռուս-ադրբեջանական տանդեմին:

Պարգեւ սրբազանը ճիշտ կանի մինչեւ վերջ բացի փակագծերը, որպեսզի հերթական անգամ, երբ հայկական բանակը սկսի առաջխաղացումը հայկական տարածքներն ազատագրելու համար, զինադադարը պարտադրի հայկական կողմը, ոչ թե «կասկածելի զանգերը»: