Պետության համար հետևանքը կարող է ծանր լինել հավասարապես

- in Հրապարակ

Վարակակիր քաղաքացիների բջջային հեռախոսազանգերն արձանագրելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը Հայաստանում արժանացել է ամենատարբեր գնահատականների: Նախաձեռնությունը առաջին ընթերցմամբ արժանացել է խորհրդարանի հավանությանը:

Ըստ կառավարության, դրա նպատակն է առավել արդյունավետ կառավարել վարակակրի հանրային շփումների շրջանակը և արագ մեկուսացնել պոտենցիալ վարակվողներին, այդպիսով առավել բարձրացնելով վարակի տարածման կանխարգելելիության աստիճանը:

Նախաձեռնությունը հարցեր է առաջացրել թե՛ զուտ բուն արդյունավետության տեսանկյունից՝ շատերն են կասկածում, թե դա թույլ կտա էապես ազդել վարակի տարածման վրա, կանխարգելման աստիճանը բարձրացնել, թե՛ հարցեր է առաջացրել քաղաքական ազդեցության գործիք լինելու կասկածների իմաստով, որի հեղինակները կարծում են, թե կորոնավիրուսը այդ առումով ընդամենը առիթ է: Տեսակետների շրջանակում է նաև սոցիալական բունտի թեման, և շատերը համարում են, որ բջջային զանգերը արձանագրելու կառավարության նպատակը սոցիալական վատթարացման հեռանկարում հանրության շրջանում բունտի հասունացումը կանխելն է: Սոցիալական բունտի թեման ընդհանրապես դարձել է ներկայիս իրավիճակում ամենից շատ քննարկման արժանացող թեմաներից մեկը: Մոտիվը, իհարկե, հասկանալի է՝ մի կողմից տնտեսական ճգնաժամը մշտապես էլ առաջին պլան է բերում այդ բունտի վերաբերյալ քննարկումներն ու սպասումները, մյուս կողմից՝ առկա իրավիճակը քաղաքական տարբեր շրջանակների համար բավականին պարարտ հող է այդ բունտի մասին խոսակցությունները գեներացնելով քաղաքական տարբեր հարցեր լուծելու համար: Կա՞ բունտի հավանականություն, թե՞ ոչ, իրականում բավականին բարդ ու բազմաշերտ հարց է: Այստեղ մի կողմից կան պատմականորեն ունիվերսալ, օրինաչափ հատկանիշներ և հանգամանքներ, նախադրյալների շղթա և կոդեր, մյուս կողմից էլ յուրաքանչյուր երկրի և հասարակության պարագայում կան առանձնահատուկ դետալների մեծ ու փոքր ամբողջություններ, որտեղ ամենափոքր տարբերությունն անգամ էական նշանակություն ունի հավանականության և անիրատեսականության հարցում:

Այդ իմաստով, ինչպիսին է պատկերը Հայաստանում, գործնականում չգիտե ոչ ոք, կամ գիտեն միայն նրանք, որոնք իրականացրել են դրա գիտական հետազոտությունը՝ սոցիոլոգիայի գործիքների անկեղծ ու անաչառ կիրառումով: Կա՞ Հայաստանում մեկը, որը տնօրինում է այդպիսի պատկերի: Տեսությունը ենթադրում է, որ կառավարությունը տնօրինում է և ուրեմն փորձում կանխել բունտը: Տրամաբանությունն իհարկե այն է, որ փորձում է կանխել, ուրեմն տնօրինում է վատ իրականության պատկերի: Որքանո՞վ է այդ տրամաբանությունը կուռ: Դրա մասին հնարավոր է դատել մեխանիզմի ելակետից: Ինչպե՞ս է հնարավոր քաղաքացիների զանգերն արձանագրելով՝ սոցիալական բունտ կանխել: Եվ դա սոցիալական ցանցերի ու ինտերնետի դարում: Որովհետև ժամանակակից աշխարհում բունտը կանխվում է առաջին հերթին հաղորդակցության այդ միջոցները արգելափակելով, ոչ թե բջջային զանգերը արձանագրելով: Դրա պարզ վկայությունը ամբողջատիրական մի շարք երկրներն են, որոնք հենց այդպես են կանխարգելում ընդվզման հասունացումը: Դրան զուգահեռ, իշխանությունն այժմ էլ ունի տեխնոլոգիական բավարար գործիքակազմ, այսպես ասած, ռիսկային խմբերին հաղորդակցական իմաստով հետևելու համար, ընդ որում՝ առավել անաղմուկ, ինչն ավելի էֆեկտիվ կդարձնի վերահսկողությունը:

Միով բանիվ, խնդիրը, անշուշտ, կառավարությանը այսպես ասած՝ ավանսով արդարացնելը չէ: Ի վերջո, աքսիոմատիկ է, որ որևէ կառավարություն, որևէ իշխանություն իր քայլերի հիմքում հանրային շահից առնվազն, եթե ոչ ավելի, ապա ոչ պակաս առաջնորդվում է հենց սեփական քաղաքական շահի մոտիվներով: Երբեմն դրանք համընկնում են, երբեմն՝ ոչ, այստեղ, իհարկե, շատ կարևոր է քննադատական հայացքի և ընդդիմախոսության բաղադրիչը, որևէ կառավարության գերազանցապես հանրային շահի և հաշվետվողականության տիրույթում պահելու համար:

Պարզապես դրա համար շատ կարևոր է ընդդիմախոսության ռացիոնալ ասպեկտն ու շեշտադրումների ռացիոնալությունը, իրատեսականությունը: Հատկապես ճգնաժամային բարդ իրավիճակներում դա առավել քան կարևոր ու հրատապ է, քանի որ հասարակական սպասումները դրսևորվելով լոկալ առիթներով կամ պատճառներով, այդուհանդերձ կազմում են վարքագծային ամբողջական համակարգ: Իսկ որևէ հարցում հանրային վարքագիծը իռացիոնալ հիմքի վրա դնելը կարող է բերել մեկ այլ ծայրահեղության, արդեն ոչ թե կառավարության, այլ հանրային դաշտից: Պետության համար հետևանքը կարող է ծանր լինել հավասարապես:

Ըստ այդմ, հույժ կարևոր է ռացիոնալ, փաստարկված ընդդիմախոսությունը, կոնսպիրոլոգիական իներցիոն բացատրությունների փոխարեն, որոնք հանրությանը կարող են տանել սխալ հետքի, սխալ ուղղության վրա, ազատ թողնելով ռացիոնալ ճանապարհը կամ ստեղծելով ռացիոնալության վակուում: Իսկ դրանից կարող են օգտվել կամ կառավարող ուժը, կամ այլ ուժեր, այս դեպքում արդեն նայած թե հանրության բախտն ինչպես կբերի, կամ հանրությունն ինչ դժբախտություն կունենա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments