Պուտինը կորցրել է գահը. Ում հետ կխաղա Հայաստանը

- in Միջազգային
Putin

ՌԴ նախագահ Պուտինը համաձայն չէ իրեն ցար որակելուն: Ըստ նրա, ցարը հրամաններ է արձակում, ամեն ինչի նայում վերեւից, իսկ ինքը տքնաջան աշխատում է ամեն օր:

Նախագահական ժամկետը զրոյացնելու նախաձեռնությունը ուժգնացրեց գնահատականները, որ Պուտինը դառնում է ցմահ իշխող՝ ցար: Եվ առերեւույթ դա թվում է իրապես այդպես: Բայց Պուտինը ցար չէ՝ թե բարի, թե չար, ու ցար չլինելն էլ նրա մարդկային հատկանիշների եւ արժեհամակարգի հետ ուղիղ կապ չունի: Նա ցար չէ, որովհետեւ Ռուսաստանում հանրայնորեն կա ցարի պահանջ-հոգեբանություն, հանրության մի մեծ մաս կուլ է տալիս այդ թեմայով մատուցվող պրոպագանդիստական կերակուրը, սակայն չկան պայմաններ՝ իրական ցար լինելու համար: Եվ հենց դրա համար էլ պետք է պրոպագանդան, առանց որի «ցարն իրական» չէ: Իսկ որ ցարն իրական չէ կամ Պուտինը իրական ցար չէ, կա պարզ վկայություն՝ Ռամզան Կադիրով:

Կադիրովն, օրինակ, ցար է, իհարկե Չեչնիայի ցարը, կամ հնարավոր է Հյուսիսային Կովկասի: Իսկ ինչի՞ ցարն է Պուտինը: Ռուսաստանի՞: Իսկ ի՞նչ է Ռուսաստանը: Օրինակ, Էրդողանի սպառնալիք 25 միլիոն մահմեդականը, որոնցով սուլթանը սպառնում էր Պուտինին քանդել Ռուսաստանը ներսից՝ նրան ճանաչու՞մ են որպես ցար: Ի դեպ, հետաքրքիր է, որ Կրեմլը գործնականում էական անդրադարձ չկատարեց էլ այդ սպառնալիքին, այլ ընդամենը փորձեց անել պրոպագանդիստական հնարք՝ թե ընդունարանում սպասեցրել են Էրդողանին: Իսկ դա իսկապես հնարք էր, քանի որ այնտեղ սպասում են գործնականում բոլոր պատվիրակությունները, պարզապես ոչ բոլորի սպասումն են դարձնում պրոպագանդայի նյութ: Ի դեպ, հետո էլ թուրքերը տարածեցին, թե ինչպես է ավելի վաղ Էրդողանը սպասեցրել Պուտինին:

25 միլիոն մահմեդականը Ռուսաստանի ներսում Պուտինի՞ն է ճանաչում որպես ցար, թե՞ Էրդողանին՝ որպես սուլթան: Իսկ ցա՞ր է արդյոք Պուտինը Ռուսաստանի արեւելքում, թե՞ այնտեղ ավելի շուտ Սի Ծին Պինն է ցարը:

Պուտինը ցար չէ անգամ Կրեմլում: Այլ հարց է, որ այնտեղ շատ տնտեսա-քաղաքական շրջանակներ դնում են նրան հենց այդ շրջանակի մեջ՝ դրանով փորձելով լուծել իրենց անվտանգության երաշխիքների, վերարտադրության հարցերը:

Այդ առումով, Պուտինի հայտարարությունը, թե ինքը ցար չէ, լոկ համեստություն կամ «քաղաքավարություն» չէ: Նա բոլորից լավ է պատկերացնում, որ ցար չէ, ու «գահին» է, քանի դեռ դա է ուզում կառավարող համակարգը: Բավական է, որ այդ համակարգը նրա առաջին կարգավիճակում տեսնի վտանգ, ոչ բավարար երաշխիք, նա կդադարի լինել այդտեղ:

Պուտինի կորցրել է գահը վաղուց, եւ մնալու կամ գնալու հարցն այլեւս ունի բոլորովին ուրիշ իմաստ կամ նշանակություն: Ավելի շուտ նրան պահելու կամ չպահելու հարց է, որը լուծելու է ՌԴ տնտեսա-քաղաքական էլիտան իր տարբեր խմբավորումներով, ու նաեւ Միացյալ Նահագները: Դրանք կլինեն հիմնական դերակատարներ: Անշուշտ դեր կունենան ներկայիս Ռուսաստանի դե ֆակտո այլ «բաժնետերեր»՝ Թուրքիան, Չինաստանը, մի փոքր էլ Եվրոպան:

Ու, որքան էլ տարօրինակ հնչի՝ Հայաստանը, որը գործնականում իրավիճակ ստեղծողն է Կովկասում՝ ռուսական իշխանության համար կենսական նշանակության գոտում, եւ հարակից լայն շրջանակով ռեգիոնալ տիրույթում, հայկական հարցի իրավա-քաղաքական ընդգրկումով: Ու՞մ հետ կխաղա Հայաստանը ՌԴ իշխանության հարցի լուծման գործընթացում, այդ հարցի «բաժնետերերի» ո՞ր շրջանակի հետ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments