ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի պատճառով հրաժարվեց Սահմանադրության փոփոխության հանրաքվեն ապրիլի 22-ին անցկացնելու որոշումից:

Նա հայտարարել է, որ հանրաքվեն հետաձգվում է: Ինչ ժամանակով, դեռ պարզ չէ: Ռուսաստանն առայժմ սկսում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում արտակարգ միջոցառումների եւ խստացումների շարքը:

Այդ առնչությամբ վերջին օրերին քննարկվում էր, թե արդյոք Կրեմլը հանուն հանրաքվեի կգնա կորոնավիրուսի հանդեպ այսպես ասած լռության քաղաքականության, կոծկելով ՌԴ-ում վարակի վիճակագրությունը: Դժվար է ասել, թե ներկայիս վիճակագրությունը որքանով է արտացոլում իրականությունը, բայց ձեռնարկվող միջոցառումները վկայում են, որ ՌԴ իշխանությունն ունի լուրջ մտահոգություն:

Դա է նաեւ պատճառը, որ Պուտինը փաստորեն հրաժարվեց ապրիլի ժամկետից եւ իր հաջորդ նախագահական ժամկետի հարցը հետաձգում է: Ներկայում հետաքրքիր հարց է այն, թե արդյոք նա կվերադառնա դրան նույն տեսքով ու բովանդակությամբ: Ինչպես հայտնի է, մեծ աղուկի եւ քննարկումների պատճառ դարձավ մասնավորապես նրա նախագահական ժամկետները զրոյացնելու եւ այդպիսով 2024 թվականին նորից առաջադրվելու հնարավորություն տալու դրույթը:

Կկատարի՞ կորոնավիրուսը այդ դրույթի խմբագրում: Բանն այն է, որ մի քանի շաբաթ առաջ, պատասխանելով Պուտինի դարձյալ առաջադրվելու մասին հարցին, Պեսկովը նշել էր, որ դեռ վաղ է խոսել այդ մասին եւ ամեն ինչ կախված է մի շարք հանգամանքներից: Այդ թվում Կրեմլի խոսնակը թվարկել էր նաեւ կորոնավիրուսի հարցը, թե ինչպիսի իրավիճակ կլինի դրա դեմ պայքարի հարցում:

Պեսկովը հազիվ թե նկատի ունենար, որ վարակը տեւելու է մինչեւ 2024 թ., այլ ավելի շուտ թերեւս ակնարկում էր, որ վարակը խորը հետք է թողնելու համաշխարհային քաղաքականության վրա, եւ դա էլ իր հերթին լինելու է Պուտինի հետագա պաշտոնավարման հարցում որոշման հիմքում:

Գործնականում, կորոնավիրուսը փաստորեն խախտել է ծրագիրը: Տեխնիկակա՞ն է այդ միջամտությունը, թե կարող է վերածվել նաեւ բովանդակայինի:

Անկասկած է, որ Պուտինի պաշտնավարման որոշումը կայացվելու է Ռուսաստանում կառավարող համակարգի եւ նրա անձնական անվտանգության հարաբերակցության վրա: Կառաջացնի՞ կորոնավիրուսը այդ հարցում շահերի բախում:

Spread the love