ՌԴ անսպասելի որոշումը. ինչ կա «չայրվող պահարանում»

- in Պնակալեզներ

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշել է արտահանձնել Լեւոն Սարգսյանին, որին Հայաստանի իրավապահները հետախուզում են ավազակային հարձակում կազմակերպելու համար:

Խոսքը նախկին իշխող համակարգի օդիոզ դեմքերից մեկի՝ Ալրաղացի Լյով մականունով հայտնի անձի մասին է, որին Ռուսաստանում ձերբակալել էին 2019-ի նոյեմբերին:

Այժմ որոշել են արտահանձնել, եւ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը հեղափոխությունից հետո փաստացի պատսպարել կամ գուցե պատանդառել է Հայաստանի նախկին համակարգի մի շարք նշանակալի դեմքերի, որոնք անցնում են տարբեր քրգործերով, Սարգսյանին արտահանձնելու որոշումը փոքր ինչ անսպասելի է:

Մյուս կողմից, դեռ պարզ չէ, այն կիրականացվի՞ մինչեւ վերջ, թե ոչ: Մասնավորապես, որոշումը կարող է բողոքարկվել ՌԴ իրավասու դատարանում եւ չեղարկվել: Դեռ պարզ չէ` Սարգսյանի փաստաբանները դիմելու՞ են այդ քայլին, թե ոչ: Դա թերեւս կախված է նրանից, թե որքանով է Ալրաղացի Լյովին հանձնելու ՌԴ դատախազության որոշումը այսպես ասած «քաղաքական»: Դա էլ իր հերթին արդեն կախված է մի շարք այլ գործոններից: Անկասկած է, որ օրինակ մարտիմեկյան գործով անցնող մի քանի մեղադրյալների պաշտպանությունը Ռուսաստանի հենց քաղաքական որոշումն է:

Եթե կա Սարգսյանին հանձնելու քաղաքական որոշում, ապա դա կնշանակի, որ այդ իմաստով նա Ռուսաստանի համար չի ներկայացնում որեւէ հետաքրքրություն եւ չի տիրապետում որեւէ նշանակալի տեղեկատվության, որը պետք էր պահել «չայրվող պահարանում»:

Այդուհանդերձ, պետք է սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը, որոնք ցույց կտան իրավականության եւ քաղաքականության հարաբերակցությունը:

Ադ առումով արդեն իսկ համեմատություն է արվում Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿ նախկին պետի գործի հետ: Բայց կա էական տարբերություն՝ Պողոսյանին ձերբակալել էին, անգամ կալանավորել, հետո դատարանի որոշումով ազատել կալանքից, եւ այդպես էլ չարտահանձնեցին, բայց նրա վերաբերյալ արտահանձնելու որոշում չէր էլ եղել: Իհարկե, ՌԴ դատախազությունը նշում էր, թե չեն արտահանձնում, մերժել են, քանի որ լիարժեք չեն հայկական կողմի ներկայացրած հիմքերը:

Թեեւ, այդ շրջանում օրինակ Ռուսաստանից եկավ չորս ՍՈՒ ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչ, ինչը Հայաստանի համար ունի շատ ավելի կարեւոր նշանակություն: Ի դեպ, վատ չէր լինի, եթե նախկին օլիգարխի փոխարեն Հայաստան գար եւս 4-ը: Թեեւ, գուցե նրա արտահանձնումն այդ իմաստով հետագայում ունենալ «օդային գերակայության» մուլտիպլիկատիվ էֆեկտ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments