Ռոբերտ Քոչարյանը չէր սպասում այդպիսի շրջադարձի

- in Ով ով է ...

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երկրորդ նախագահի պաշտպանության թեմայով կոնֆերանսի ժամանակ ցավակցել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին եւ հայտարարել, որ միահամուռ ուժերով պետք է աշխատեն գործում եղած կեղծիքները չեզոքացնելու համար: «Կեղծիքների խայտառակ կծիկ», այդպես է որակել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի զոհերից հետո «ամենամեծ տուժածներից մեկը» իրենց ընտանիքն է:

Լրանում է մարտիմեկյան իրադարձությունների եւ ողբերգության 12-րդ տարելիցը: Գործը դատարանում է, սակայն ոչ սպանությունների առումով: Դատարանում է սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, որով գլխավոր մեղադրյալ է Ռոբերտ Քոչարյանը: Նա հայտարարում է, որ իրեն «նախապես են» նշանակել գլխավոր մեղադրյալ, բայց մեղադրանքը որեւէ կապ չունի օրենքի եւ իրավունքի հետ:

Հետհեղափոխական իրավիճակում մարտիմեկյան գործի զարգացումները երկրորդ նախագահ Քոչարյանին ստիպեցին պարբերաբար անդրադառնալ այդ իրադարձություններին, նաեւ փաստորեն իր համախոհների միջոցով ցավակցել զոհերի հարազատներին: Միաժամանակ, անցնող երկու տարիներին Ռոբերտ Քոչարյանը, համակիրները հայտարարում են, որ հետեւողական քարոզչություն է իրականացվել այն մղումով, որ մարտիմեկյան իրադարձությունները ամբողջությամբ բարդվեն Ռոբերտ Քոչարյանի վրա: Նաեւ դա նկատի ունի Լեւոն Քոչարյանը, խոսելով, որ զոհերից հետո ամենամեծ տուժողներից են իրենք:

Անցնող տասնամյակի ընթացքում երկրորդ նախագահը մարտիմեկյան իրադարձություններին անդրադառնում էր ըստ անհրաժեշտության ու իրավիճակի: Օրինակ, երբ ձեւավորվեց երկխոսության գործընթաց Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Բայց չէր ասում այն, ինչի մասին նա խոսում է այժմ: Երկրորդ նախագահն ըստ երեւույթին սկզբունքային նշանակություն չէր տալիս խնդրին, թերեւս կասկած իսկ չունենալով, որ լայն իմաստով իրավիճակը երբեք դուրս չի գա այն համակարգի վերահսկողությունից, որի առանցքային դեմքերից եւ թերեւս առաջնորդողներից էր անգամ նախագահի պաշտոնը թողնելուց հետո:

Կունենա՞ր Ռոբերտ Քոչարյանն այլ պատկեր, եթե հետմարտիմեկյան տասնամյակի ընթացքում զբաղվեր մարտիմեկյան խնդրով եւ այն մեղադրանքներով, որոնք հնչում էին իր հասցեին: Քանի՞ անգամ են Ռոբերտ Քոչարյանը, նրա համակիրները, թիմակիցները մարտիմեկյան ողբերգություններից հետո ցավակցել բոլոր զոհերի հարազատներին, ուշադրության տակ պահել խնդիրը: Չի եղել դրա անհրաժեշտությունը, չի եղել դրա կարիքը: Այլ կերպ ասած, ցավակցությունն ու խնդրիր հանդեպ վերաբերմունքը չի բխել ներսից:

Ինչ է կատարվել իրականում Մարտի 1-ին: Անկասկած է, որ այստեղ չի կարող լինել «գլխավոր մեղադրյալ», կամ հանգուցալուծում «գլխավոր մեղադրյալով»: Եվ այն, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը ներկայում խոսում է գործը ամբողջությամբ միֆազերծելու կամ կեղծիքից զատելու մասին, անկասկած ողջունելի է, անկախ նրանից, թե ինչ նկատի ունեն կեղծիք կամ միֆ ասելով իրենք, եւ թե ինչը կեղծիք կամ միֆ կհամարի հանրությունը:

Պետք է հնչեն Մարտի 1-ի վերաբերյալ բոլոր հարցերը, բոլոր հարցադրումները, կասկածները, պատասխանները, պետք է արվեն բոլոր առերեսումները, պետք է խոսեն բոլորը: Այդտեղ է հետհեղափոխական գործընթացի նշանակությունը, այդտեղ կարող է լինել դրա էֆեկտիվությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments