Ռոբերտ Քոչարյանն ահազանգում է. նրան վտա՞նգ է սպառնում

Ինչպե՞ս է բացարձակ առողջ մարդը ձեռք բերել առողջական խնդիրներ եւ ունի բուժօգնության կարիք, նախօրեին հայտարարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, ասելով, թե ինքն այդ առնչությամբ ունի հարցեր եւ հետամուտ է լինելու պատասխաններին:

Փաստաբան Ալումյանը փաստորեն առաջին պլան է բերում Ռոբերտ Քոչարյանի առողջության գործոնը, ընդ որում հայտնելով դրա վրա ազդեցության կասկածի մասին: Ընդ որում, երբ նա հայտարարում է այդ առնչությամբ պատասխանների հետամուտ լինելուն, դա նշանակում է, որ բարձրաձայնումը համաձայնեցված է երկրորդ նախագահի հետ, եւ առողջության գործոնը դիտարկվում է որոշակի համատեքստում:

Ո՞րն է այդ համատեքստը՝ պաշտպանակա՞նը, որը ենթադրում է նաեւ կասկած եւ առողջությանը միջամտելու մեղադրանք իշխանության հասցեին, թե՞ կա խնդրի մյուս կողմը: Բանն այն է, որ հայտնելով իր պաշտպանյալի առողջական վիճակի հանդեպ ազդեցության վերաբերյալ կասկած, Հայկ Ալումյանը կարող է եւ պարզապես փոխանցել Ռոբերտ Քոչարյանի տագնապը: Տագնապ, որը ոչ այնքան մեղադրանք է իշխանությանը, որքան ահազանգ, որ Քոչարյանը կարող է լինել «երրորդ կողմի» այսպես ասած ներգործության թիրախ, ինչը խնդիր լինի ոչ միայն նրա, այլեւ իշխանության համար:

Հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանը մարտիմեկյան գործի համատեքստում «երրորդ կողմի» պարագային անդրադարձ է կատարել դեռեւս 2011 թվականից: Երբ սկսվեց Սերժ Սարգսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ հայտնի, իհարկե շատ կարճ տեւած երկխոսությունը, Ռոբերտ Քոչարյանը դրա ընթացքում կանխազգալով թերեւս քաղաքական որոշակի ռիսկեր՝ երկխոսության «զոհաբերման» ֆիգուր դառնալու մտավախությամբ, դե ֆակտո առաջարկ արեց երկու կողմին էլ: Նա ուշադրություն բեվեռեց հանգամանքին, որ զոհերը եղել են այն հատվածներում, որոնք չեն վերահսկել թե իշխանությունը, թե ընդդիմությունը:

Այլ հարց է, թե որքան է վիճարկելի երկրորդ նախագահի այդ նկատառումը, բայց այդտեղ իհարկե կարեւոր է դրա քաղաքական տողատակը: Որովհետեւ, կար հստակ ակնարկ, որ եղել է այսպես ասած «երրորդ» կամ «աներեւույթ» կողմ՝ անմիջական ներգրավված դերակատարներից բացի:

Չի բացառվում, որ այդ ժամանակ երկրորդ նախագահը ակնարկում էր նաեւ այդ հնարավոր կողմին, որ, եթե ինքը դրվի «զոհասեղանին», ապա կարող է բացվել ավելի:

Ներկայում Ռոբերտ Քոչարյանն առավել հստակ է հայտարարում, թե նշանակված է «գլխավոր մեղադրյալ», այն դեպքում, երբ իրականությունն այլ է: Օրեր առաջ նա դատարանում հայտարարել էր, թե ու՞ր են ԱԱԾ բոլոր թղթերը, ասելով, որ դրանք թաքցնում են, որովհետեւ կարող են բացահայտել այլ իրականություն: Արդյոք այստեղ էլ չկա երկրորդ նախագահի ակնակրը որեւէ «աներեւույթ երրորդ» կողմի մասին, կամ դրա հասցեին:

Ահա այդ ֆոնին ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը փաստաբանի միջոցով բարձրաձայնում է իր առողջության վրա հնարավոր կողմնակի ազդեցության հարցը, հնարավոր է նաեւ դրա վրա հրավիրելով քաղաքական մեծամասնության ուշադրությունը:

Ընդ որում, արդյոք պատահական զուգադիպություն էր, որ այդ հարցը երկրորդ նախագահի պաշտպանական խումբը բարձրացրեց այն բանից հետո, երբ Ռուսաստանում ձերբակալվեց հետախուզվող Վահագն Հարությունյանը, որին ներկայում մեղադրում են գործի ապացույցները կոծկելու համար, իսկ հետո ՌԴ իրավապահները նրան ազատ արձակեցին, ըստ ՀՀ դատախազության՝ հանցանքի վաղեմության ժամկետի հիմքով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments