Putin Vladimir

Մարտի 17-ին միջազգային բորսայում Բրենտ տեսակի նավթի գինը կազմել է 28 դոլար, հասնելով 2016 թվականիցի վեր պատմական նվազագույնի: Դրա հետեւանքով շարունակվել է ռուբլու արժեզրկումը եւ 1 դոլարի համեմատ փոխարժեքը հասել է 79 ռուբլու:

Որքան կպահպանվի նավթի այդ գինը, դժվար է ասել, սակայն միտումն առայժմ այսպես ասած դեպի ներքեւ է, քան վերադարձ բարձր գնի: Իսկ դա էական հարված է ռուսական տնտեսությանն ու սոցիալական կայունության երաշխիքներին: Ի վերջո, այդ ամենում պետք է հաշվի առնել նաեւ կորոնավիրուսի տնտեսական ավերը:

Մարտի 17-ին ՌԴ Պետդուման ընդունել է օրենք, որով Պահպանության դաշնային ծառայությանը տրվում է անհրաժեշտության դեպքում ծանր տեխնիկա կիրառելու իրավունք: Ըստ օրենքի, Պահպանության Դաշնային ծառայության աշխատակիցները անհատապես, կամ ջոկերի կազմում կարող են կիրառել ձեռքի տակ եղած պաշտպանության միջոցներ, այդ թվում տրանսպորտ: Ընդ որում, կիրառման հետեւանքի համար ծառայությունը՝ ըստ օրենքի, չի կրում պատասխանատվություն:

Օրենքի հեղինակները դրա ընդունումը պայմանավորել են իրավապահ այլ կառույցների մասին օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Բայց անհրաժեշտությունը Ռուսաստանում թերեւս այլ է: Ռուսաստանը մտել է իշխանության խնդրի լուծման փուլ: Ընդ որում, այդ փուլ է մտել թե միջազգային, թե ներքին չափազանց վատ կոնյունկտուրայի պայմաններում: Այդ միջավայրում կառավարող համակարգի վերարտադրության խնդիրը դառնում է չափազանց ծանր:

Նախօրեին ՌԴ նախագահը ստորագրել է ապրիլի 22-ի սահմանադրական հանրաքվեի հրամանագիրը: Այդ նախաձեռնությունը գործնականում իշխանության խնդրի լուծման նախաձեռնություն է, որով Պուտինը փորձում է ապահովել հնարավորինս ճկուն միջավայր՝ անհրաժեշտ այս կամ այն սցենարն իրացնելու համար: Իշխանության հարցը ՌԴ-ում լուծվելու է տնտեսա-քաղաքական համակարգային «էլիտայի» որոշումով: Կարծիքը, թե որոշողը լինելու է Պուտինը, թյուր է:

Համակարգային «էլիտան» կորոշի, կապված այն հանգամանքի հետ, թե ո՞ր տարբերակը կերաշխավորի առավել ապահով եւ կայուն վերարտադրություն: Այստեղ առանցքային է լինելու միջազգային իրադրությունը եւ հատկապես ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը: Համընդհանուր միջավայրում եթե «էլիտան» որոշի, որ առավել ապահով եւ հուսալի տարբերակը Պուտինի մնալն է, անգամ եթե հարկ լինի դրա համար դիմել ուժի, ապա Պուտինին կպահեն: Եթե առավել լավ եւ հուսալի երաշխիքներ դիտվեն այլ տարբերակներ, ապա հազիվ թե Պուտինը կարողանա պահել իշխանությունը: Այդտեղ իհարկե ԱՄՆ աջակցությունը կլինի վճռորոշ:

Համենայն դեպս, Պուտինը կամ «էլիտան» պատրաստվում են վատթարին, ուժի հավելյալ հնարավորությամբ օժտելով Պահպանության պետական ծառայությանը, որը գործնականում նախագահի անվտանգության ծառայությունն է: Ընդ որում, բացառված չէ, որ այս դեպքում ուժը դիտարկվում է ոչ միայն հանրության հետ հնարավոր հակադրության, այլ գուցե նույն «էլիտայի» ներսում շահերի բախման համար:

Spread the love