Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 2020 թվականին. նոր կանխատեսումներ

- in Սոցիալական
Russia

Կորոնավիրուսի տարածման ու նավթի գների անկման պատճառով Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը 2020 թվականին կարող է կրճատվել 0.8-ից 3%-ով: Այս մասին գրում է rbc.ru-ն՝ հղում անելով վերլուծաբանների կանխատեսումներին:

ՌԴ կառավարությունն այս տարվա համար սահմանել է 1.9% աճ նշաձողը, բայց Տնտեսական զարգացման նախարարությունն արդեն հայտարարել է, որ թարմացված կանխատեսումը կհրապարակի ապրիլի 9-ին:

Հաշվեքննիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինի կարծիքով, եթե նավթի գինը պահպանվի 35 դոլարի սահմանում, ՀՆԱ աճը կդանդաղի մինչև զրո: Այս պահի դրությամբ, սակայն, նավթի գինը մեկ բարելի դիմաց մոտ 27 դոլար է:

Վերլուծաբան Անտոն Պոկատովիչը rbc.ru-ի հետ զրույցում նշել է, որ ՀՆԱ-ն տարվա արդյունքներով կարող է կրճատվել 2.5-2.8 տոկոսով: Նրա խոսքով, ամանորյա արձակուրդներին ՌԴ տնտեսությունն օրական կորցնում է 180 միլիարդ ռուբլի և ելնելով այն բանից, որ կորոնավիրուսի պատճառով 5 ոչ աշխատանքային օր է հայտարարված, կորուստները կարող են կազմել 900 միլիարդ ռուբլի, որը ՀՆԱ 0.8%-ն է: Մասնագետը կանխատեսում է, որ ապրիլի սկզբին տնտեսության ոչ ակտիվ վիճակը շարունավելու է, որի հետևանքով ապրիլի առաջին շաբաթվա տնտեսական կորուստները կկազմեն ևս 1.3-1.6 տրիլիոն ռուբլի:

Բրիտանական Oxford Economics խորհրդատվական կազմակերպության կանխատեսումը ՌԴ տնտեսության համար 1.6 տոկոս անկում է: Կազմակերպության ավագ տնտեսագետ Եվգենիա Սլեպցովան նշել է, որ հունվարի համար 1.8% աճ էին կանխատեսել, բայց նավթի ցածր գները կզրոյացնեն այդ աճի հնարավորությունը, իսկ կորոնավիրուսը ևս 2%-ի անկման պատճառով կդառնա:

Ալֆաբանկի գլխավոր տնտեսագետ Նատալիա Օռլովան նշել է, որ տարեկան կտրվածքով արդյունաբերական արտադրանքի ծավալը կնվազի 5%-ով: Տնտեսագետ Անտոն Տաբախի կարծիքով, մեկշաբաթյա արձակուրդի պատճառով կազմակերպությունները 700 միլիարդ ռուբլու վնաս են կրելու:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments