Մինչ քաղաքական շրջանակներում վերջին օրերին քննարկվում էր ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի հարցը, ՀՀ կառավարությունը մարտի 16-ից ապրիլի 16-ը հայտարարեց արտակարգ դրություն։

Հանրաքվեի վերաբերյալ օրեր առաջ մեր թերթին տված հարցազրույցում հետաքրքիր առաջարկ էր ներկայացրել Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։ «Դեպքերի նման զարգացման դեպքում, ինչը շատ հավանական եմ համարում, առաջարկում եմ ոչ թե հետաձգել, այլ չեղարկել հանրաքվեն և վերադառնալ Ազգային ժողովի միջոցով խնդրի լուծման տարբերակին։ Ե՛վ հանրությունը, և՛ միջազգային կառույցները տեսան գործող իշխանությունների՝ խնդիրն ամենաժողովրդավար ճանապարհով՝ ուղղակի ժողովրդավարությամբ լուծելու պատրաստակամությունը։ Քարոզարշավի սկիզբը միանշանակ ի ցույց դրեց նաև հանրության վերաբերմունքը։ Միայն խելագարները այս պարագայում կարող են մեղադրել իշխանություններին թագավարակի պանդեմիայի կամ դրա մարտահրավերին համարժեք արձագանքելու համար։ Կարծում եմ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մեր Ազգային ժողովը կարող է հիմք ընդունել խմբագրել, խստացնել, կոշտացնել հանրաքվեի այն հռչակագրի նախագիծը, որն օրերս հրապարակեց Նիկոլ Փաշինյանը, ավելացնել դրույթներ հանրաքվեի չեղարկման պատճառի հետ կապված և, հաստատելով այն, վերջապես լուծել Սահմանադրական դատարանի խնդիրն ինքնուրույնաբար»,- ի մասնավորի նշել էր Ռուբինյանը։

Արդյոք դա կլինի՞ Սահմանադրական դատարանի հարցը լուծելու լավագույն տարբերակը ներկա իրավիճակում, չի՞ առաջացնի դիմակայություն։

1990-95թթ. Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը դժվարացավ ասել, թե որքանով է դա ճիշտ որոշում. «Սկզբունքորեն տարբերակ է, բայց չեմ կարծում, թե ԱԺ-ն կդիմի այդ քայլին։ Որքան գիտեմ՝ արտակարգ դրությունը մեկ ամսով է։ Եթե կարգավորվի, չի շարունակվի։ Այս պահին շատ էական է մարդկանց անվտանգությունը։ Երբ մտցվում է արտակարգ դրություն, հանրաքվեն ավտոմատ հետաձգվում է։ Հետաձգված հանրաքվեի պարագայում երևի ճիշտ չէ Ազգային ժողովով որոշում ընդունել։ Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական հարցերը կարելի է մեկ ամսով մի կողմ դնել և օժանդակել իշխանություններին՝ այս ծանրագույն վիճակից դուրս գալու համար»։

ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանի հարցը Ազգային ժողովով լուծելու հարցը քննարկվել է ԱԺ-ում՝ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկությամբ, և ԱԺ-ն դրա վերաբերյալ կայացրել է գրավոր որոշում։ Իսկ որոշմամբ էլ մերժել է այդ առաջարկությունը, ինչը նշանակում է, որ քննարկումը տեղափոխվել է սահմանադրական հանրաքվեով լուծելու տարբերակին։

«Պետք է քննարկել լուծումները, կշռադատել, տեսնել, թե որն է գրագետ լուծում։ Լուծումներից մեկն էլ կարող է լինել գործընթացի կասեցումը, մինչև արտակարգ իրավիճակն անցնի։ Պետք է կասեցնել ժամկետները, մինչև անցնի վտանգը։ Երբ վերանա արտակարգ իրավիճակը, կվերսկսվի ժամկետների հաշվարկը»,- ասաց ԱԺ «Իմ քայլ»-ի պատգամավորը։

Spread the love