Սամվել Բաբայանի գրասենյակը հրապարակել է Վահրամ Աթանեսյանի շնորհավորական խոսքը

- in Ով ով է ...
Samvel Babayan

Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

Այսօր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը տոնում է ծննդյան 55-րդ հոբելյանը: Ծննդյան օրվա կապակցությամբ գրված և գրվելիք բազմաթիվ տողեր պիտի ամփոփեն նրա անցած փառավոր ուղին, նրա նվիրման մեջ տեսնեն առեղծված և նրան վերագրեն գերբնական հատկանիշներ: Ծնդյան օրվա կապակցությամբ բարեմաղթանքներ շռայլելը դժվար չէ, սակայն ինչ էլ ասվի, ավելի պերճախոս չի գտնվի, քան Սամվել Բաբայանի 30-ամյակի կապակցությամբ Վահրամ Աթանեսյանի շնորհավորանքի խոսքը.

 

Եթե հիմա երկիր ենք, պետության և աշխարհի հետ խոսում ենք երկրի ու պետության լեզվով շնորհքը բանակինն է: Եթե բանակ ունենք  կուռ, միասնական, կարգապահ, որ մեզ հիացմունք է պատճառում, ոմանց զարմանք, իսկ թշնամուն անզոր զայրույթ պարտական ենք նրան և նրանց, ովքեր 1988, 89, 90-91 թթ., տառացիորեն ոչնչից և բացարձակապես անպատրաստ միջավայրից, երբ դեռ հազար-հազարներով փայփայում էինք «արդար պահանջի» և «արդարացի լուծման» հույսը, հայտնագործող կամ վերածնեց ուժի, զինված պայքարի, դիմացիր կանգնելու ճշմարտությունը, բարձրացրեց այդ դրոշը և ստանձնեց մեծ գոյամարտում հավասարների մեջ առաջինը լինելու պատասխանատվությունը։

Ազատություն շատերն են երազում։ Ազատության նվիրյալ զինվոր դառնում են քչերը։ Աստծո և ժողովրդի ընտրյալները, նրանք, որ ի սկզբանե իրենց մեջ սպանած են լինում վախը, զգուշավորությունը, որ կարողանում են անթարթ նայել մահվան սառը դժնափայլ աչքերին և հաղթել մահին: Այդ ընտրյալներից է Սամվել Բաբայանը։ Մարդ որ պայքարի այս տարիներին, հատկապես 1991-ի դեկտեմբերից սկսած , Ղարաբաղի և ղարաբաղցու համար դարձել է զինված գոտեմարտի խորհրդանիշ։

Որն է Սամվել Բաբայանի գաղտնիքը։

Կարելի է այդ մասին երկար խոսել, բայց ի վերջո հանգելու ենք մի պարզ հետևության. «գաղտնիքը» նրա ճշմարտացիությունն է։ Շատերն են սիրում ճշմարտությունից խոսել, բայց և մեկնաբանել այն յուրովի, մինչդեռ այս պարագայում գերադասելի է ոչ թե սոփեստական փիլիսոփայությունը, այլ կյանքի առարկայական ճշմարտությունը, որ մեկնաբանվում է այսպես. ուզում ես ազատ ապրել , երկիր և պետություն ունենալ պիտի զրկանք կրել, զոհ տաս, հաշտվես դժվարությունների հետ, մոռանաս առօրեական հաճույքները։ Այդպես։ Ուրիշ ճանապարհ չկա։

Քչերը կարող են այս  ճշմարտությունը իբրև ապրելու և փրկվելու ճանապարհ ցույց տալ մի ամբողջ ժողովրդի։ Եվ ղարաբաղյան ազատագրական պայքարի պատմությունն էլ հաստատում է , որ ասպարեզը լքել են հատկապես նրանք, ովքեր այդքանն ասելու համարձակություն չեն ունեցել։ Սամվել Բաբայանը ոչ միայն ասաց այդքանը , այլև հետևողականորեն կենսագործում է դա։Իսկ բանակը բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում « առաջին ջութակն» է։ Պետությունն ապրում է այնպես, ինչպես բանակը։ Մանավանդ պատերազմող երկրում, որի համար երկաթե կարգապահությունը ամեն մի շեղում բավական թանկ հաճույք է։

Ուրեմն նախ ճշմարտությունը։ Ապա նպատակասլացությունը։ Եվ հետո քո նվիրվածությունը քո գաղափարին։ Ահա և մեր աչքի առաջ, մեր կողքին օրըստօրե կայացավ , առնականացավ հրամանատարը։ Զորավարը։

Երեսուն տարեկանում մարդ նոր-նոր սկսում է լուրջ քայլեր անել կյանքի ճանապարհին։ Եվ դա օրինաչափ է դիտվում։ Բայց աշխարհը եթե մնար օրինաչափության հույսին, անչափ տաղտկալի կլիներ։ Կյանքի աղը հազվագյուտն է , եզակի, արտառոցը։ Այս առումով, ահա, երեսնամյա Սամվել Բաբայանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարն ու արցախյան բանակի աննկուն զորավարը, հիրավի այն իրողությունն է, որ օրինական հպարտություն և հիացմունք է ներարկում մեզնից յուրաքանչյուրին։

Նրա թռիչքը հանդիպադրելի է ղարաբաղյան ազատագրական պայքարի անկասելի երթին։ Դրանք փոխադարձաբար լրացնում, հարստացնում են իրար, ներհյուսվում այնպես, որ հիմա նույնիսկ դժվար է հստակել որն է որին ուժ տալիս։ Ու երևի հենց այդ «անհնարինությունն» է հնարավոր դարձրել այս նվաճված անդորրը և այն պատեհությունը, որ թույլ է տալիս ծննդյան տարեդարձ և հոբելյան նշել։

Չասենք ամեն ինչ մնացել է անցյալում։ Այն միշտ մեզ հետ է։ Իբրև հիշողություն։ Որպես դաս ներկա և գալիք սերունդներին։ Որն է Սամվել Բաբայանի դասը։ Չփորձենք, մանավանդ չենք էլ կարող, գտնել ավելի դիպուկ ձևակերպում, այլ կրկնենք բանաստեղծին. թռիչքի մեջ են փորձվում թևերը, և հավաստենք , որ Սամվել Բաբայանի զորավարական թևերը ոչ միայն ապացուցել են իրենց հուսալիությունը անցած փոթորիկներին, այլև պատրաստ են նորերը հաղթահարել , եթե հարկ լինի , ու նրան  հասցնել նոր բարձունքների։ Որովհետև դեռևս հնուց է ասված. սահման քաջաց զենն յուրյանց:

1995թ. մարտի 2-7 «Մարտիկ»

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments