Արմեն Սարգսյանի ակնարկը Բակո Սահակյանին. վճռորոշ ընտրություն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Սարգսյանն ասել է, թե ինչ թեմաներ կան, որ իրեն բերել են Արցախ:

Նա նշել է, որ թեեւ այցը կապ չունի նախընտրական գործընթացի եւ մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրության հետ, բայց արձանագրել է, որ այդ ընտրությունը շատ կարեւոր քաղաքական հաղթանակ կարող է լինել Արցախի համար:

Արմեն Սարգսյանն այդ իմաստով արել է մի քանի ուշագրավ ակնարկ, որոնք արացոլում են համապետական ընտրության խորքային իմաստն ու կարեւորությունը: Նա նշել է, որ կարեւոր է ոչ միայն ռազմական հաղթանակը, այլ նաեւ քաղաքական հաղթանակը միջազգային ասպարեզում, եւ Արցախի նոր իշխանությունը պետք է իր վրա ստանձնի այդ պատասխանատվությունը:

Այլ կերպ ասած, միջազգային հարաբերություններում մեծ կենսափորձ ունեցող նախագահը արձանագրում է, թե ինչ գլխավոր մարտահրավերի պետք է պատասխանի Արցախի նոր իշխանությունը, նոր նախագահը, եւ ըստ այդմ ինչ նպատակադրումով պետք է առաջնորդվի արցախցի ընտրողը՝ նոր իշխանություն ձեւավորելիս: Այսինքն, Արցախում պետք է ձեւավորվի իշխանություն, որն ի վիճակի է արդյունավետ իրացնել Արցախի սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում:

Ժամանակակից աշխարհում դա հրամայական է բոլոր այն միավորների համար, որոնք ցանկանում են իրենց վճռորոշ տեղն ու դերն ունենալ նոր աշխարհակարգում, որը ձեւավորվում է մարտահրավերներով, միաժամանակ հնարավորություններով լի ժամանակահատվածում: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Արցախի համար կարեւոր է ազատ, արդար գործընթացով հաղթանակ արձանագրել քաղաքական ընտրություններում:

Արմեն Սարգսյանի ազդակներն էական նշանակություն են ստանում անցնող օրերին Արցախի ընտրական գործընթացից ստացվող տեղեկությունների ֆոնին, որոնք վկայում են ազատությունը, արդարությունը կասկած տակ դնելու պատրաստ շրջանակների առկայության մասին: Մասնավորապես, բավականին արտառոց էր Արցախի Մարտունի քաղաքի իշխանության պահվածքը, երբ արգելվել է ընտրությանը մասնակից ուժերից մեկի մուտքը քաղաք, պատճառաբանելով, թե քաղաքը ունի իր այսպես ասած ընտրած նախագահի թեկնածուին: Հատկանշական է եւ այն, որ թեկնածուն, ում անունը տրվել է, որեւէ կերպ չի դատապարտել այդօրինակ պահվածքը:

Հատկանշական է, որ միջադեպը լռության է մատնել նաեւ Արցախի ոստիկանությունը:

Այդ ֆոնին է նաեւ ուշագրավ նախագահ Սարգսյանի այցը Արցախ եւ փաստացի զգուշացումը, որ ընտրական գործընթացի վրա ընկած ամնափոքր իսկ ստվերը կարող է խաթարել Արցախի քաղաքական հաղթանակը, որը հույժ կարեւոր է եւ իր առանցքային ու ռազմավարական նշանակությամբ չի զիջելու ռազմական հաղթանակին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments