Սերժ Սարգսյանը «փուռը» տվեց Քոչարյանի ու նրա թիմի փաստարկները

- in Պնակալեզներ
Serj Robert

«Վերաքննիչ դատարան բողոք եմ ներկայացնելու, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեր միջնորդությունը չքննելը ճանաչվի Եվրոպական կոնվենցիային հակասող: Վերաքննիչ դատարանն ինքը քննության առնի մեր միջնորդությունը և բավարարի այն»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպաններից Հայկ Ալումյանը:

Նա նշել է, որ իրենք ներկայացրել էին միջնորդություն Քոչարյանի խափանման միջոցը փոխել և ընտրել անձնական երաշխավորություն խափանման միջոցը՝ հաշվի առնելով, որ ՀՀ նախկին երեք վարչապետներ և Արցախի Հանրապետության նախկին վարչապետներից մեկը գրավոր պատրաստակամությունն են հայտնել անձնական երաշխավորությամբ ապահովել անհրաժեշտ դատավարական ընթացակարգի պահպանումը:

Դատական նիստը տեղի չի ունենում դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի բերումով։ Իրերի նման վիճակը չի բավարարում Քոչարյանի պաշտպաններին, որոնք մինչ այս պահը հետևողականորեն ձգձգում էին դատական գործընթացը, սակայն հիմա դատական արագ նիստ են պահանջում՝ հաշվի չառնելով անգամ դատավորի առողջական վիճակը կամ նույնիսկ կորոնավիրուսային համաճարակը։

Իհարկե, արտակարգ դրությունը չպետք է խոչընդոտի դատական իշխանության գործունեությունը, ու ֆորմալ առումով՝ Քոչարյանի պաշտպաններն ունեն լեգիտիմ իրավունք՝ կռիվ տալ իրենց պաշտպանյալի շահերի համար։

Հիմա չեմ ուզում անդրադառնալ նրանց վարքագծի կամ պահանջի մոտիվներին, հիմքերին, սակայն չնկատել չեմ կարող, որ Քոչարյանի թիմի փաստարկները հիմնավորապես քարուքանդ արեց ոչ թե իշխանությունը, այլ նրա ընկեր Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում է կատարել՝ նշելով, որ դատարան միջնորդություն է ներկայացրել առաջիկա դատական նիստը հետաձգելու խնդրանքով: «Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով»,- ասված է գրառման մեջ:

Կասկածից վեր է, որ Սարգսյանի պրոֆեսիոնալ փաստաբանը տեղյակ է, որ արտակարգ դրությունը չի կարող խոչընդոտել դատական նիստի անցկացմանը, սակայն նույնքան անվիճելի է, որ նրա միջնորդությունը ռացիոնալ հիմք ունի։ Աղմկոտ, հասարակական հնչեղություն ունեցող դատավարությունները չեն կարող մարդաշատ չլինել, հետևաբար՝ կարող են նպաստել վարակի տարածմանը։ Եթե նախկիններն ընդունում են, որ Սերժ Սարգսյանի ու նրա պաշտպանի մոտիվները ռացիոնալ են, ապա նույն սկզբունքը կիրառելի է առնվազն Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասով, որի հասարակական հնչեղության բաղադրիչը հաստատ պակաս չէ այն դատավարությունից, որն առաջարկում է հետաձգել երրորդ նախագահը։

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի պաշտպանի հրապարակային հայտարարությունը հնչեց Քոչարյանի թիմի ասուլիսի համատեքստում, որի ընթացքում, ըստ էության, պահանջվում էր դատական արագ նիստ։ Սերժ Սարգսյանը մտածված կամ ակամայից «փուռը» տվեց Քոչարյանի ու նրա թիմի փաստարկները՝ թիկունքից հուժկու հարված հասցնելով իր ընկերոջը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments