Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ փորձում է ցրե՞լ նախկին համակարգի ընդհանուր վարքագծի թողած գաղջը

Serzh Sargsyan

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է բավականին ուշագրավ հայտարարություն այն մասին, որ Սարգսյանը ուղիղ կապով հարաբերվում է ՀՀԿ ղեկավար կազմի հետ և անհրաժեշտ ցուցումներ տալիս կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում կուսակցության վարքագծի առումով:

Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Սարգսյանը, ուշադրությամբ հետևելով իրադարձությունների զարգացմանը թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում, հորդորել է համախմբել իրենց ունեցած մասնագիտական ներուժը և առաջարկություններ մշակել կառավարությանը ներկայացնելու համար: Գրասենյակը տարածել է նաև, որ ըստ երրորդ նախագահի, ներկայումս խնդիրը բոլորինն է և պետք է գերակա լինի համախմբվածության սկզբունքը: Պետք է նկատել, որ հայտարարությունը բավականին անսպասելի է, հատկապես հաշվի առնելով այն, որ այս օրերին նախկին իշխող համակարգի ամենատարբեր շրջանակներ, ընդ որում՝ այդ թվում նաև ՀՀԿ-ից, զբաղված են եղել ոչ թե համախմբվածության, այլ պարզապես հակառակի միտված գործողություններով ու քարոզչությամբ, կորոնավիրուսային իրավիճակն օգտագործելով նոր կառավարության հետ հարաբերություն պարզելու նպատակով:

Միևնույն ժամանակ, ահա այդ ֆոնին էլ ուշագրավ է Սերժ Սարգսյանի գրասենյակի, այսպես ասած, կառուցողական և բովանդակության առումով իսկապես պետականամետ հայտարարությունը: Դա տարբերվելո՞ւ փորձ է, թե՞ նախկին համակարգի մինչ այսօր ցուցաբերած, մեղմ ասած, ոչ կառուցողական վարքագիծը քողարկելու փորձ: Իհարկե, հանուն արդարության պետք է նաև նկատել, որ այս օրերին բավականին բարձր պետական մտածողության և գիտակցության օրինակ են դրսևորել նախկին կառավարության որոշ ներկայացուցիչներ, հանրությանը ներկայանալով իրապես մասնագիտական դիրքորոշումներով և մերժելով քաղաքական շահարկումները: Այդուհանդերձ, դրանք եղել են բացառիկ դրսևորումներ, ընդհանուր իսկապես գաղջ քարոզչական ֆոնի պայմաններում:

Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ փորձում է ցրե՞լ նախկին համակարգի ընդհանուր վարքագծի թողած գաղջը, թե՞ ցույց տալ, որ այդ առումով չունի որևէ պատասխանատվություն դրա համար: Հազիվ թե պետք է ակնկալել, որ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը հիմնական հասցեատեր է դիտել հանրությանը: Թերևս, լավ են պատկերացնում, որ Սարգսյանի կառուցողականությունը՝ անկախ այդ հարցում անկեղծությունից, հանրության մոտ չի արժանանալու լայն վստահության, չի ներշնչելու հավատ և դիտարկվելու է ձև կամ ինչ-որ հետին միտք: Հայտարարությունն, ըստ ամենայնի, ավելի շուտ քաղաքական ազդակ է, քաղաքական արձանագրում, ըստ ամենայնի, հետագա հնարավոր վերադասավորումների հանգամանքը և այդ համատեքստում էլ հենց նախկին իշխող համակարգի շրջանակում առկա թեժ մրցակցությունը հաշվի առնելով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments