Սինանյանը չի բացառում սփյուռքի աջակցությունը ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին, ամենօրյա կապի մեջ է արտերկրում գտնվող հայերի հետ

- in Պաշտոնական

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն մշտապես կապի մեջ է արտերկրում ապրող հայազգի անձանց հետ և ամեն օր համապարփակ տեղեկություն է ստանում նրանց մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Նոր տիպի կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող երկրներում՝ Իտալիայում և Չինաստանում, հայկական համայնքը համեմատաբար փոքր է։ Ֆրանսիայում, որտեղ հիվանդությունն արդեն բավականին համատարած բնույթ է կրում, մեր համայնքը մեծ է։ Բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս իրավիճակից, խոսքը ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի մասին է, սակայն մեր գրասենյակն ամենօրյա կապի մեջ է մեր համայնքների, առանձին անձանց, համայնքը ներկայացնող կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ։ Մենք փորձում ենք ամենօրյա համապարփակ տեղեկություն ունենալ աշխարհի տարբեր երկրների մեր հայկական համայնքներում ապրող անձանց մասին»,- նշեց Սինանյանը։

Զարեհ Սինանյանը չի բացառում, որ որոշ ժամանակ անց սփյուռքի մեր հայրենակիցները ևս աջակցություն ցույց տան Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին:

Սինանյանն այս մասին ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին սփյուռքից գումար փոխանցելու վերաբերյալ հարցին:

«Այս ճգնաժամը միայն Հայաստանում չէ, այս պահին ամբողջ աշխարհն է ճգնաժամի մեջ: Մեր հայրենակիցները, որոնք բնակվում են ՀՀ տարածքից դուրս, ևս այս ամենի զոհն են ինչ-որ չափով: Սա այն պահը չէ, որ մենք կարող ենք իրատեսորեն ակնկալել, որ մեծ ոգևորությամբ հազարավոր հայեր հավաքվելու են ու սկսելու են գումարներ ուղարկել: Չեմ բացառում, որ ինչ-որ մի պահ կգա, որ դա տեղի կունենան, բայց այս պահին մարդիկ զբաղված են իրենց խնդիրներով»,- ասաց Սինանյանը:

Եվրոպական միության երկրներում բնակվող՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված հայերի վիճակը լավ է, նրանց հետ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտապես կապի մեջ է։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրում են մեծ թվով հայեր, ովքեր տեղի բնակչության նման՝ նույնպես ապրում են արտակարգ դրության պայմաններում։ Այս ընթացքում հայ համայնքից նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 85-ամյա հայ կին, ով նաև առողջական խնդիրներ ուներ։ Հոլանդիայում վիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություններ չկան։ Եվրոպական այլ երկրներում ապրող հայ վարակվածների մասին հստակ տեղեկություն չունենք, սակայն մշտական կապի մեջ ենք համայնքների հետ»,- նշեց Սինանյանը։

Նա ասաց, որ բազմաթիվ դիմումներ, էլեկտրոնային նամակներ, զանգեր են ստանում սփյուռքում ապրող հայրենակիցներից, ովքեր ոչ միայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ են դիմում, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցերը հիմնականում կապված են Հայաստան վերադառնալու հետ, գրասենյակից փորձում են բոլորին սպառիչ պատասխաններ տալ և լուծումներ բարձրացված խնդիրներին։

«Շատ դիմողներ ունենք Ռուսաստանի Դաշնությունից, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով, ինչի անհնարինության մասին մենք տեղեկացնում ենք նրանց։ Քաղաքացիներ կան, ովքեր գույք են տեղափոխել ՀՀ և փորձում են իմանալ, թե ինչ է լինելու իրենց գույքի հետ։ Զանգեր լինում են նաև Լիբանանից, դիմում են նույն խնդիրներով»,- նշեց Զարեհ Սինանյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments