Սկսվեց՝ Նիկոլ Փաշինյանի վերջնական որոշումը. բացառիկ վիճակ

- in Վերլուծական

Կառավարության մարտի 19-ի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ նախաճգնաժամային վիճակի չվերադառնալու որոշումն անբեկանելի է եւ վերջնական, որքան էլ այդ վիճակը լավը լիներ:

Խոսքն իհարկե տնտեսական իրողությունների մասին է, որոնք ենթարկվում են կորոնավիրուսի թելադրած խաղի կանոններին եւ տեղափոխվում ճգնաժամային միջավայր:

Գործնականում, ազդարարվում է, որ Հայաստանը սկսում է նախապատրաստությունը «նոր աշխարհին»:

Շատ է խոսվել, որ ճգնաժամը ինչպես կորուստ է, այնպես էլ նորի հնարավորություն: Համաշխարհային պատմությունն ի վերջո զարգանում է փոփոխությունների ցիկլային այդ տրամաբանությամբ:

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստում է տնտեսության աջակցման փաթեթ: Դրա տրամաբանությունը սակայն ոչ միայն կորուստ ծածկելն է՝ թեեւ իհարկե աջակցությունը ենթադրում է մի քանի տասնյակ միլիարդի սոցիալական աջակցության բաղադրիչ, այլ նաեւ եւ թերեւս ավելի շատ՝ հնարավորություն եւ նոր գաղափարների աջակցելը:

Նախօրեին Փաշինյանն ազդարարել էր 150 միլիարդ դրամի փաթեթի մասին: Կառավարությունը մարտի 19-ի նիստում ընդունել է դրա վերաբերյալ որոշումներ: Տնտեսության աջակցության փաթեթի մասին որոշումը բավականին օպերատիվ է եւ կարեւոր ինքնին՝ տնտեսությանն ու հանրությանը սպասումների առումով դրական ազդակ հաղորդելու տեսանկյունից, նկատի ունենալով այն, որ կորոնավիրոսով առկա վիճակը էապես ազդել էր սպասումների վրա: Կառավարության քայլն առնվազն կառաջացնի հավասարակշռություն, եթե չբարձրացնի դրական սպասումների տեսակարար կշիռը:

Տնտեսագետները, փորձագետները, բիզնեսը կգնահատեն արդեն առանձին որոշումների էֆեկտիվությունն ու նպատակահարմարությունը, թերություններն ու առավելությունները: Այստեղ հազիվ թե լինի միանշանակ գնահատական, ինչը նաեւ բնական է ու օրինաչափ: Սակայն կարեւոր է, որ ձեռնարկվող քայլերն ու կիրառվող մոտեցումները վայելեն գործարար համայնքի, եւ առավել եւս փոքր ու միջին ոլորտի վստահությունն ու հավանությունը: Ի վերջո, խոշոր գործարարները առավել կենսունակ են եւ ռեսուրսունակ՝ ճգնաժամային իրավիճակներում ինքնուրույն վերակազմակերպվելու կամ դիմակայելու համար:

Գլխավոր անշուշտ մոտեցման փիլիսոփայությունն է, որի հիմքում հենց այն է, որ պետք է նայել առաջ եւ պետական աջակցությունը կառուցել համաշխարհային վերակառուցման նոր գործընթացի տրամաբանությամբ: Միաժամանակ, իհարկե շատ բարդ է գնահատել, թե ինչպիսին է լինելու այդ աշխարհը, ըստ այդմ՝ ինչի պատրաստ լինի, կամ պատրաստվի Հայաստանը:

Ներկայում փլուզվում են ենթակառուցվածքային մի շարք սխեմաներ: Անկասկած է, որ դրանց զգալի մասը վերականգնվելու է: Ամբողջ հարցը սակայն այն է, թե ինչպիսին է լինելու մարդկանց հոգեբանությունը: Մեծ հաշվով, համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխությունը ստեղծել էր մի համընդհանուր միջավայր, որտեղ համաշխարհային տնտեսության նոր տրենդը ընդհանուր առմամբ պարզ էր վաղուց եւ այն հազիվ թե փոխվի կորոնավիրուսից հետո: Հարցն այստեղ այն է, թե ինչ հոգեբանության վրա է վերականգնվելու համաշխարհային տնտեսությունը, վերակառուցվելու՞ է արդյոք դրա արժեհամակարգային հիմքը:

Հայաստանը թերեւս այստեղ պետք է փնտրի գլխավոր հարցերի պատասխանը, եւ ըստ ամենայնի առաջնորդվի ոչ միայն փնտրելու, այլ նաեւ պատասխան ձեւակերպելու նպատակադրումով: Այլ կերպ ասած, Հայաստանը պետք է փորձի աշխուժորեն ներգրավվել համաշխարհային արժեհամակարգի շուրջ հնարավոր, սպասվելիք մեծ «դիսկուրսին»:

Ըստ էության այստեղ է նաեւ հայության առավելություններից մեկը, հաշվի առնելով այն պատմա-քաղաքակրթական պաշարը, որ ունեն հայերն, ու չնայած ժամանակի ընթացքում էական դեգրադացիոն փուլերին՝ այդուհանդերձ պահպանում են դրա բազան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments