Կորոնավիրուսի վարակի տարածումով պայմանավորված՝ երկիրն ապրում է արտակարգ դրության ռեժիմով։

Պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով՝ մինչև ապրիլի 14-ը կձեռնարկվեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածքներում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները՝ աշխատակիցների ապահովումը դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը, անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը։ Որքանո՞վ է այս ամենը կյանքի կոչվում, և ի՞նչ խնդիրներ կան այստեղ` հարցին ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը պատասխանեց․ «Կան խնդիրներ, որոնք շատ են ու լուծվում են ժամանակ առ ժամանակ։ Դեռ տաս օր առաջ պատրաստեցինք ու էլեկտրոնային եղանակով փոխանցեցինք ուղեցույցներ՝ ինչ պետք է անեն արտակարգ դրության պայմաններում թե՛ հանրային սննդի օբյեկտները, թե՛ առևտրային ցանցերը, թե՛ արտադրական օբյեկտները։ Ի դեպ ասեմ, որ կան շատ խանութներ, ռեստորաններ, որոնք մեզ են ներկայացնում, թե ամենօրյա ռեժիմով ինչ աշխատանքներ են կատարում՝ ելնելով մեր ուղեցույցներից, մեր խորհուրդներից։ Կան նաև կազմակերպություններ, որոնք իրենք են դիմում մեզ տարբեր հարցերով։

Ինչ վերաբերում է նրան՝ բոլո՞րն են անում, թե՞ ոչ։ Իհարկե, ոչ բոլորն են անում, և դեռ մեխանիզմներ են մշակվում, թե ինչպիսի պատիժ կիրառել այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն ենթարկվում պարետին և արտակարգ իրավիճակի գաղափարի ներքո գործող սահմանափակումներին»։

Այս օրերին ինչպիսի՞ ահազանգեր եք ստանում քաղաքացիներից՝ սպառողներից` հարցին Գեորգի Ավետիսյանը պատասխանեց․ «Հիմնական ահազանգը, որ ստանում ենք, դա խանութներում չփաթեթավորված մթերքների մասով է, հիմնականում հացի մասով է և այլ քաղաքացիների կողմից հացերը ձեռք տալու և անընդհատ տվյալ մթերքների հետ շփվելու մասով։ Մենք հորդորեցինք, որին ի պատասխան շատ կազմակերպություններ ասացին, որ հացերն արդեն փաթեթավորված են բերում»։