Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները

- in Տեսանյութեր

ՀՀ կառավարությունը 10 օրով երկարացնում է խստացված սահմանափակումները ՀՀ տարածում: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման որոշման պատճառը կորոնավիրուսի դրական դեպքերի աճն է: Առավոտյան տվյալներով Հայաստանում 532 դեպք կա, սա նշանակում է՝ 499 մարդ շարունակում է բուժում ստանալ:

«Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Այստեղ կա 2 նեգատիվ սահման՝ մեկը խուճապահար լինելն է կորոնավիրուսի կապակցությամբ, մյուսը՝ չափազանց հանգիստ լինելը: Ես խնդրում եմ իսկապես շատ լուրջ վերաբերվել առկա իրավիճակին: Մեր հիվանդներից 424-ը նույնիսկ ջերմություն չունի, բայց մյուս կողմից՝ 90 անձ թոքաբորբ ունի եւ այս պահին նրանցից 30-ը գտնվում են ծանր վիճակում: Աշխարհի վիճակագրությունը եւս շատ վատն է, կանխատեսելի է, որ աշխարհում 1 միլիոն վարակակիրների թիվն անցնելու է:

Ես հույս ունեմ, որ բոլորս ենք արձանագրում, որ կիրառվող սահմանափակումները ոչ կառավարության համար են, ոչ էլ բարձրաստիճան պաշտոնյաների: Դրանք բոլորի համար են, քաղաքացիների անվտանգության համար են: Ես կոչ եմ անում չափազանց լուրջ վերաբերվել այս իրավիճակին: Մտածենք ինքներս մեզ մասին, մեր մտերիմների, հատկապես՝ ավագ սերնդի մեր հարազատների մասին, որովհետեւ նրանք շատ խոցելի են»,-ասաց վարչապետը:

Նա խոսեց նաեւ բջջային հավելվածով մարդկանց տեղաշարժի մասին տեղեկատվություն ստանալու օրենքի նախագծի մասին, որը քիչ առաջ ԱԺ-ում չընդունվեց: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խնդիրը նրանում է, որ որոշ դեպքերում դժվար է հասկանալ, թե մարդը ումից է վարակվել կամ ում է վարակել կորոնավիրուսով:

«Սահմանափակումների հետ միասին  աճում են նաեւ խնդիրները, այդ թվում՝ տնտեսական»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ իրավիճակն է պահանջում ապրել որոշակի ժամանակահատված որոշակի սահմանափակումների մեջ:

«Չկա մի երկիր, որտեղ դիմակների դեֆիցիտ չլինի: Մենք ի սկզբանե, մինչեւ դանակը ոսկորին չի հասել, խիստ սահմանափակումներ չենք մտցրել, դա արվել է քաղաքացիների առօրյան չխաթարելու համար:

Պարետատունը համապատասխան որոշումը կհրապարակի: Հիմնական ուղերձը նույնն է՝ մնացեք տանը, պահպանեք ձեզ ու ձեր հարազատներին, պահպանեք կարգապահություն: Խուճապի պետք չէ մատնվել, բայց շատ հագնիստ լինել էլ պետք չի: Դեպքերը շատանում են նաեւ այն պատճառով, որ մենք սահմանափակումները ճշգրիտ չենք պահպանում: Կան նաեւ բերովի դեպքեր:»-եզրափակեց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով համբերատարության համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments