Վարակված զինվորները Արցախում չեն, նաև հեռու են հայաստանյան առաջնագծից

- in Հասարակություն
Zinvor

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է զինված ուժերի զորամասերից մեկի ծառայողներից երեքի մոտ կորոնավիրուսի դրական թեստի մասին, ինչը նշանակում է, որ զինվորները վարակված են: Նրանց և նրանց հետ շփված անձանց շրջանակը մեկուսացված է:

Նախարարը հայտնել է նաև, որ զինվորները վարակի, այսպես ասած ճյուղերից մեկն են, այսինքն՝ նախկինում արձանագրված դեպքերից մեկի զարգացումը՝ քաղաքացիական շրջանակի հետ շփման արդյունքում: Հայտնի է, որ կա երկու, այսպես ասած, հանրահայտ դարձած ճյուղ՝ Էջմիածնի և արտադրամասի ճյուղերը: Թե դրանցից որ մեկի կամ գուցե մի երրորդ՝ նվազ տարածված ճյուղից է եղել վարակը, չի բարձրաձայնվում:

Բանակում վարակի տարածման հանգամանքը հանրության շրջանում առաջացրել է որոշակի աժիոտաժ և շատ դեպքերում անգամ այնպիսի արձագանքներ, կարծես թշնամին գրավել է մայրաքաղաքը: Այն, որ բանակի հանդեպ սրտատրոփ ու չափազանց հոգատար ենք բոլորս՝ անխոս, և իհարկե բոլորիս մեծ ցանկությունն էր, որ վարակը չթափանցի բանակ, այն էլ՝ պատերազմի ռեժիմում գտնվող բանակ: Սակայն այդ իմաստով թերևս ոչ միայն խուճապն է անտեղի, այլև անգամ աժիոտաժը, որ կա շատերի արձագանքում:

Նախ՝ ինչպես հայտնել է նախարարը, վարակված զինվորները Արցախում չեն, նաև հեռու են, այսպես ասած, հայաստանյան առաջնագծից, ոչ մարտական զորամասի ներկայացուցիչներ են, որոնք ծառայության բերումով ունեցել են շփում քաղաքացիականների հետ: Երկրորդ՝ այդ երեք դեպքը կարող է դառնալ զգոնության բազմապատկման և հետագա առավել խիստ քայլերի նոր խթան՝ բացառելով ներթափանցումը մյուս զորամասեր: Բացի այդ, բանակը որքան էլ նուրբ է վարակների նկատմամբ, միևնույն ժամանակ նաև իր հարաբերությունների առանձնահատկության, կառավարման առանձնահատկության բերումով թերևս ավելի դյուրին է տարածումը կանխարգելելու միջոցառումների օպերատիվության տեսանկյունից, եթե դրանք կատարվում են հավուր պատշաճի:

Անկասկած է, որ երեք զինծառայողի ահազանգը պետք է առավել ձգի բանակի համար պատասխանատուներին: Մյուս կողմից՝ նույնքան ձիգ պետք է մնա հանրությունը, յուրաքանչյուր քաղաքացի, չմոռանալով, որ իր արձագանքը, ամենաանկեղծ մտահոգությամբ հանդերձ, բանակի առնչությամբ կարող է ունենալ լրիվ հակառակ էֆեկտ:

Ըստ այդմ՝ պետք է լինել ուշադիր, հաշվետու, միաժամանակ, սակայն, պատասխանատու, որովհետև վարակը բանակի հետ թերևս չի կարող անել այն, ինչ կարող է անել դրա շուրջ աժիոտաժը, էլ չասած՝ խուճապի մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments