Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վրդովվեց պատգամավորների հարցերից՝ այս փուլում մարդկանց հարկերը սառեցնելու, աջակցություն ցուցաբերելու մասին։ 

«Ես դեմ եմ նման որոշումներին շատ պարզ պատճառով։ Մարդը խրոնիկ վատ, անպարտաճանաչ պարտնյոր ա, վեց-յոթ ամիս իր վարկային պարտավորությունները չի կատարում, մի հատ էլ արձակուրդ ենք տալիս, ասում ենք՝ մի երկու ամիս էլ մի վճարի»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այսօր բնականոն աշխատող մարդկանց, ովքեր բիզնես են անում, օրինակ, դիմակ կամ ալկոգել են վաճառում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տալ։ Բարեհաջող առևտուր իրականացնող մարդկանց ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տալ։

Փաշինյանին վրդովեցրեց հատկապես պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցը. «Ինչ վերաբերում է աջակցության կարիք ունեցող անձանց, մենք հինգ փաթեթն արդեն պատրաստել ենք, որպեսզի մարդկանց աջակցենք։ Կներեք, եթե մեկը ֆինանսական պարտավորություն ունենա ձեր նկատմամբ, ասի եկեք չկատարեմ, էդ ո՞նց է։ Շատ հեշտ եք ասում, եկեք վարկերից ազատենք, հարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք, էդ լո՞ւրջ եք ասում։ Առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնություն արեք, ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել, այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով։ Ընդունեք օրենք, ես առաջարկում եմ բոլոր քաղաքացիներին՝ առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագանձելու արդյունքում։ Դուք նախաձեռնեք, 10 հազար չէ, ամեն մարդու 50 հազար։ Նստում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, ձեռ ե՞ք առնում, տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս։ Գնացեք ձեր շրջապատի ու միջավայրի հարստությունը բաժանեք»։

Ինչ վերաբերում է ոմանց ունեցվածքը կոպեկ-կոպեկ հետ բերելուն, Փաշինյանն ասաց․ «Այո, կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու։ Եվ սահմանադրական հանրաքվեն էլ նրա համար ենք դրել, որ մաֆիոզներն իրենց մաֆիոզ կառույցներով ու իրավաբաններով չկարողանան պաշտպանվել։ Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում՝ այն տեղերից, որտեղ դուք մտածում եք, թե չենք հասնի։ Եվ այդ ժամանակ, որ բերենք, այդ վարկառուներին անպայման դրանից միջոցներ կտրամադրենք»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •