Վարչապետի առաջարկն ու նախագահի ուշագրավ հրամանագիրը. ինչ է կատարվել

- in Հրապարակ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքում հրապարակված է մարտի 13-ի նրա հրամանագիրը, որով Բրազիլիայում եւ Կոլումբիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը ազատվել է դեսպանի պաշտոնից:

Նրա փոխարեն նախագահը նույն օրը մեկ այլ հրամանագրով Բրազիլիայում եւ Կոլումբիայում Հայաստանի դեսպան է նշանակել Արա Հակոբյանին: Ազատումն ու նշանակումները, ինչպես կարգն է, արվել են Հայաստանի վարչապետի առաջարկով:

Այդ տեղեկությունը կարող էր դասվել նախագահական հրամանագրերի, դիվանագիտական նշանակումների ընթացիկ փաստաթղթերի շարքին, եթե չլիներ մի նուրբ հանգամանք: Մարտի 13-ի երեկոյան Հայաստանի վարչապետը հայտնեց, որ ինքն ու տիկինը՝ Աննա Հակոբյանը ինքնամեկուսանում են Սեւանում, այն բանից հետո, երբ միջազգային մամուլում տեղեկություն է հայտնվել Բրազիլիայի նախագահի կորոնավիրուսով վարակված լինելու մասին:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաեւ, որ հետո Բրազիլիայի նախագահի գրասենյակը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը, սակայն հաստատված է մեկ այլ տեղեկություն՝ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի վարակված լինելու մասին: Ու քանի որ մարտի 7-ին Բրազիլիա էր այցելել եւ այդ երկրի առաջին տիկնոջ հետ հանդիպել Հայաստանի վարչապետի տիկինը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը որոշել էին ինքնամեկուսանալ եւ հանձնել կորոնավիրուսի թեստ:

Թեստը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հանձնել են արդեն մարտի 14-ի առավոտյան, որը բացասական է եղել, այսինքն՝ վարակ չկա: Իհարկե, մինչ այդ նրանք հայտնել էին, որ ինքնամեկուսացել են ոչ թե ինչ որ ախտանշան ունենալով, այլ պարզապես ապահովության եւ անվտանգության համար, որպեսզի համոզվեն նաեւ, որ Բրազիլիայի այցը չի ունեցել որեւէ հետեւանք:

 

Ահա այս առումով ուշագրավ է Բրազիլիայում Հայաստանի դեսպանին փոխելու վարչապետի առաջարկն ու  նախագահի հրամանագիրը:

Հետաքրքիր է՝ երբ է եղել վարչապետի առաջարկը, ինչն է դեսպանին փոխելու պատճառը: Հետաքրքիր է նաեւ, որ շատ արագ նշանակվում է նոր դեսպանը: Անշուշտ, ժամանակագրական հետաքրքիր զուգադիպությունից բացի, որեւէ փաստ չկա, որը կարող է վկայել երկու իրադարձությունների կապը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments