Վարչապետի պատասխանը Սերժ Սարգսյանին. ինչ է խոսվել, եւ ինչ է խոսվելու Բրյուսելում

- in Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ օրերս ձեռնամուխ է եղել սահմանադրական հանրաքվեի ԱՅՈ քարոզարշավին, մարտի 9-ին քարոզարշավը փաստացի ընդհատում է Բրյուսել կատարվող աշխատանքային այցով:

Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Եվրոպայի Խորհրդի նախագահին, Եվրոպայի անվտանգության եւ արտաքին գործերի հանձնակատարի, նաեւ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որը այդ պաշտոնում ընտրվելուց առաջ ԵԽ նախագահն էր:

Արդյոք վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը ծրագրվել է որոշակիորեն անսպասելի, քանի որ ավելի վաղ կարծես թե որեւէ կերպ մամուլ չէր արտահոսել այդպիսի այցի սպասման մասին որեւէ տեղեկություն: Ե՞րբ է առաջացել այցի անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցը հատկանշական է մի քանի ներքին ու արտաքին իրողությունների ֆոնին, հատկապես նկատի առնելով այն, որ Փաշինյանը Բրյուսելում հանդիպելու է փաստորեն ավելի շատ քաղաքական եւ անվտանգային պաշտոնյաների հետ՝ ԵԽ նախագահ, արտաքին հարցերի եւ անվտանգության հանձնակատար:
Ներքին առումով ամենաուշագրավ հանգամանքը իհարկե այն, որ օրերս Բրյուսել էր այցելել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որն այնտեղ ՀՀԿ նախագահի կարգավիճակով հանդիպել էր փորձագիտական շրջանակների, նաեւ ԵԺԿ նախագահ Տուսկի հետ, ում հետ հանդիպելու է նաեւ Հայաստանի վարչապետը: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի այցը կամա թե ակամա պատասխան է Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցին:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի վարչապետի Բրյուսել այցը տեղի է ունենում աշխ-աշխարհաքաղաքական, այդ թվում մասնավորապես Հայաստանի շուրջ, Հայաստանին ուղղակի, թե անուղղակի առնչվող միջավայրերում բավական դինամիկ գործընթացների ֆոնին, որոնք առնչվում են նաեւ Եվրոպայի ռազմա-քաղաքական անվտանգությանը: Խոսքը թե ռուս-թուրքական հարաբերության մասին է, որը Իդլիբում թեժացումից հետո Մոսկվայում կարծես թե որոշակի սառեցվեց, հանդարտվեց, սակայն ակնհայտորեն ժամանակավոր հանդարտությամբ:

Այդ հարաբերության թեժացմանը զուգահեռ Երեւանը արեց մի շարք էական հայտարարություններ ռեգիոնալ ու միջազգային անվտանգության համատեքստում, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի ընթացքում, որտեղ Երեւանն ու Թբիլիսին բավականին հագեցած երկխոսություն են ունեցել անվտանգային թեմայով:

Արդյոք Փաշինյանը մեկնում է երկխոսությունը Բրյուսելում շարունակելու համար: Ընդ որում, այդ համատեքստում ամենեւին զարմանալի չի լինի նաեւ այն, որ Բրյուսել այցը քաղաքական իմաստով կարող է լինել ոչ թե պատասխան Սերժ Սարգսյանին, այլ այդ երկու այցերը հայկական քաղաքականության իմաստով կարող են նաեւ այսպես ասած «շարունակություն» լինել: Հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի Բրյուսել այցից առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անսպասելի խոսել էր Արցախի հարցում կառավարող ուժին աջակցության պատրաստակամության թեմայով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments