Վե՞րջ գլոբալ աշխարհին. հայկական ցանցի շանսը

- in Վերլուծական
Erkir molorak

Կորոնավիրուսի համաշխարհային վարակը քանդում է համաշխարհային տնտեսության ենթակառուցվածքային ցանցը: Առողջապահական տեսանկյունից վարակը չափազանցված է, թե ոչ, տարբեր կարծիքներ են հնչում, բայց աներկբա է, որ տեղեկատվական առումով վարակը քանդում է ամեն ինչ եւ գործնականում նաեւ «գլոբալ աշխարհը»:

Անշուշտ, գլոբալացումը պայմանավորված չէր լոկ տարատեսակ հաղորդուղիներով եւ բաց սահմաններով, սակայն դրանք ժամանակակից գլոբալ աշխարհի առանցքային բաղադրիչներն ու արյունատար անոթներն են, առանց որի զուտ համացանցային եւ տեղեկատվական գլոբալացումը ստանում է այլ բնույթ ու աստիճան:

Որքա՞ն կտեւի այդ ամենը: Համենայն դեպս առայժմ առողջապահական կառույցների եւ պետությունների կառավարությունների գնահատականը ներառում է ամիսների ժամանակահատված: Ընդ որում, անգամ հնչում են դիտարկումներ, թե ամռանը ջերմ եղանակի շնորհիվ նահանջելով, վարակը կարող է նոր ուժով բռնկվել աշնանը: Իհարկե, ամառն էլ կարող է ժամանակ լինել վարակի դեմ առողջապահական կարողությունների մեծացման համար: Միաժամանակ, հնչում են նաեւ կարծիքներ, որ վարակի ամառային մահվան մասին կարծիքները կարող են չափազանցված լինել:

Տեղեկատվական ժամանակակից միջավայրում կողմնորոշվելը չափազանց բարդ է: Միաժամանակ, առայժմ իրավիճակը խոսում է «երկարատեւ պաշարման» պատրաստվելու անհրաժեշտության մասին: Ըստ այդմ, արդյոք դա վերջն է գլոբալ աշխարհի, եւ ի՞նչ աշխարհ է լինելու կորոնավիրուսից հետո: Հատկանշական է, որ չնայած համաշխարհային համաճարակին, դրա դեմ կանարգելիչ քայլերը գերազանցապես կրում են այսպես ասած «առանձնացված» բնույթ, եւ երկրները որոշ հարցերում գործակցելով, այդուհանդերձ յուրաքանչյուրն իր «ինքնաբավ» պայքարն է մղում վարակի դեմ՝ փակվելով:

Համաշխարհային տնտեսակարգի վրա ազդեցությունը ունի մասնագիտական խորքային դիտարկման անհրաժեշտություն, բայց գրեթե աներկբա է թվում դրանում էական վերափոխումների եւ վերակազմակերպումների հեռանկարը, ուժերի եւ հարաբերակցության փոփոխության հեռանկարը:

Հնարավո՞ր է գլոբալ աշխարհում «ֆինանսա-տնտեսական ցանցերի» դիրքերի թուլացում: Եվ ի՞նչ ցանցեր են գալու փոխարինման, կամ գուցե վերգտնելու իր շանսը: Այդ առումով հնարավո՞ր է արդյոք, որ հետկորոնավիրուսային աշխարհը էապես փոխելով միջավայրը, նոր շանս տա այսպես ասած «էթնիկ ցանցերին», հայրենակցական հաղորդակցության գերակայությանը, ինչը կարող է լինել համաշխարհային նոր միջավայրում էական դերակատարման հնարավորություն նաեւ հայության համար: Անշուշտ, դա եւս ենթադրելու է որոշակի տնտեսական սխեմաներ, մեխանիզմներ, սակայն թերեւս այն տարբերությամբ, որ դրանք այս դեպքում լինելու են միջոց, ոչ թե հենարան կամ «գաղափարախոսություն»:

Միեւնույն ժամանակ, հայկական էթնիկ ցանցի հաջողությունը էապես պայմանավորված է լինելու դրա հոգեւոր-քաղաքական գաղափարախոսության ուժով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments