Վերջ դավաճաններին. ԱԱԾ եւ ոստիկանության նոր նշանակումները

- in Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին ընդունել է ԱԱԾ եւ ոստիկանության նորանշանակ պետերին, որոնք վեց ամիս առաջ նշանակված ժամանակավոր պաշտոնակատարներն են:

Փաշինյանն ավելի վաղ ակնարկել էր, որ նրանք էլ թերեւս կնշանակվեն իրենց պաշտոններում: Հանդիպելով նրանց՝ Փաշինյանն ասել է, որ իրեն վստահություն է ներշնչել այն փաստը, որ նրանք խնդիրները ոչ թե թաքցրել են, այլ բարձրաձայնել եւ փորձել են գտնել լուծումներ:

Միաժամանակ նա նշել է, թե չի կասկածում, որ իրեն քննադատելու են այդ որոշման համար, այն բանի համար, որ նշանակումները այդ համակարգերի ղեկավարների պաշտոնին կատարվել են ոչ քաղաքական տրամաբանությամբ: Սակայն, ըստ նրա, իր խնդիրը հենց այն է, որ Հայաստանում ձեւավորվի իրավապահ համակարգ, որը դուրս է քաղաքական կոնյունկտուրայի թելադրած տրամաբանությունից:

Հայաստանի իրավական բլոկում առկա խնդիրներն ու իրողություններն անշուշտ մոտ երեք տասնամյակի համակարգային արատներ են, որոնք կուտակվել են, առանց հիմնարար լուծումների: Լուծումները բացակայել են զանազան պատճառներով, ընդհանուր առմամբ սակայն այն գերակա մոտիվով, որ համակարգը դիտարկվել է առավելապես իշխանության պահպանման գործիք:

Փոխու՞մ է այդ տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանը: Այստեղ իրավիճակը նրա համար հակասական է: Մի կողմից, եթե իրավապահ համակարգը նա էլ դիտարկի իշխանության պահպանման գործիք, դա ունենալու է բումերանգի էֆեկտ, ելնելով մի շարք հետհեղափոխական իրողություններից:

Մյուս կողմից, Հայաստանում կա քաղաքական ինստիտուցիոնալ մեխանիզմների չկայացածության լուրջ խնդիրը, որը մշտապես հակասական վիճակ է ստեղծում քաղաքական անգամ լեգիտիմ մեծամասնության համար, հաշվի առնելով Հայաստանում կապիտալի կուտակման խնդիրը: Այդտեղ ինստիտուցիոնալ հասարակական-քաղաքական բացերի պայմաններում իրավիճակը բալանսավորելու հարցում առաջնային է դիտվում իրավապահների ներուժը:

Միաժամանակ, կա այդ կառույցների ռեֆորմացիայի հրամայական, ինչի հարցում էապես կաշկանդող գործոններ են առաջանում պատերազմող եւ աշխարհքաղաքական բարդ խաղի կիզակետում գտնվող երկրի պայմաններում: Ռեֆորմացիայի պատասխանատվությունը հայաստանյան պայմաններում պետք է լինի քաղաքական կառավարող մեծամասնության վրա եւ նշանակված ղեկավարներից պետք է թերեւս ակնկալվի ռեֆորմի «իրացվելիությունը» այդ համակարգերում:

Համենայն դեպս, նոր նշանակումը պետք է մոտ ապագայում քաղաքական հռետորաբանության շրջանառությունից հանի գնահատականը՝ այն էլ վարչապետի մակարդակով, թե այդ կառույցներում կան դավաճաններ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments