Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց կանադահայ մի տիկնոջ՝ Մարիա Ղանաղունյանի նամակը, որում նկարագրվում է, թե տիկինն ինչ դժվարություններ եւ խոչընդոտներ է ունեցել, երբ փորձել է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ:

Ղանաղունյանը, մասնավորապես պատմել էր, որ 5 ամիս շարունակ իրեն ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից ուղղորդել են դեպի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ եւ հակառակը, ցույց չեն տվել խնդրի լուծման ճիշտ ուղղություն, իր հետ վատ են վերաբերվել, վերջում էլ կոչ արել վերադառնալ այնտեղ, որտեղից եկել է:

Փաշինյանը Կառավարության անդամներին հրահանգեց կարդալ նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում: Այնուհետեւ նա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանձնարարականներ տվեց: ՀՀ ոստիկանության պետի ԺՊ-ին հանձնարարվեց սկսել ծառայողական քննություն Անձնագրային եւ վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով, պատժել բոլոր մեղավորներին՝ առնվազն աշխատանքից ազատման ձեւով:

ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում ծառայողական քննությունը նշանակվեց եւ, ինչպես տեղեկացրել ենք, այն արդեն ավարտվել է, 1 պաշտոնյա ազատվել է աշխատանքից, 2-ը նկատողություն են ստացել:

Հանձնարարական ստացել էր նաեւ ՀՀ արդարադատության նախարարը: Նա պետք է նշանակեր ծառայողական քննություն ՔԿԱԳ հիշատակված բաժնի գործունեության կապակցությամբ եւ թերացած աշխատակիցներին ազատեր աշխատանքից: Նախարարությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ծառայողական քննություն նշանակվել է, այն կավարտվի մարտի վերջին, եւ արդյունքների մասին կհայտարարեն:

Մյուս հանձնարարականը վերաբերում էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Վերջինս պետք է հայրենադարձների շրջանում իրականացներ զրույցներ, հարցումներ նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների վերաբերյալ, կազմեր համապատասխան օրակարգ եւ այդ օրակարգը փոխանցեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Spread the love