Փաշինյանը կատարում է բավականին ռացիոնալ քայլ հենց կառավարման էֆեկտիվության տեսանկյունից

- in Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատահական հեռախոսազանգերի միջոցով իր աշխատավայրից շփվել է տարբեր քաղաքացիների հետ, հետաքրքրվել նրանց սոցիալական վիճակով, հոգեվիճակով՝ կապված կորոնավիրուսի և դրա հետևանքով սոցիալական լարված իրադրության հետ:

Փաշինյանի այդ քայլն անշուշտ արժանանում է ամենատարբեր գնահատականի: Նրա ընդդիմախոսները այն դիտարկում են, դիտարկելու են որպես ընդամենը PR քայլ, որը չունի ոչ մի էֆեկտիվություն և կոչված է ծածկելու կառավարության ոչ էֆեկտիվ քաղաքականությունը:

Նիկոլ Փաշինյանի համակիրները վարվում են հակառակ կերպ, այդ քայլը դիտարկելով վարչապետի ժողովրդականության, հաշվետվողականության, թափանցիկության և այլ դրական հատկանիշների համատեքստում՝ դիտարկելով որպես նոր Հայաստանի ևս մի վառ վկայություն: Բավականին պարզունակ կհնչի, եթե ասենք, որ ճշմարտությունը, ինչպես միշտ, մեջտեղում է: Պարզունակ կհնչի, որովհետև ճշմարտություն կա անգամ երկու ծայրահեղ գնահատականներում: Այո, Փաշինյանի քայլում կա քարոզչություն և դրա միջոցով համապատասխան մթնոլորտ, մտայնություն, պատկեր ստեղծելու ցանկություն:

Այո, իրավիճակի լուծումները հեռախոսազանգերում չեն, և վարչապետն ու կառավարությունը մարդկանց պետք է տան գործնական, առարկայական լուծումներ: Բայց մեկը ոչ միայն չի հակասում մյուսին, այլ նաև լրացնում է, ամբողջացում:

Որովհետև քաղաքականության մեջ հույժ կարևոր է, թե լուծումները հանրային և քաղաքական ինչպիսի միջավայրում են մշակվում, թե ինչպիսի հոգեվիճակում են գտնվում քաղաքացիներն ու իշխանությունն այդ պահին: Եվ այդ իմաստով, Փաշինյանը կատարում է բավականին ռացիոնալ քայլ հենց կառավարման էֆեկտիվության տեսանկյունից, այսինքն՝ փորձում է հաղորդակից դառնալ քաղաքացիներին և նրանց էլ հաղորդակից դարձնել կառավարությանը, ձևավորելով այսպես ասած՝ համարժեք էներգետիկ միջավայր իրադրության հետագա կառավարելիության արդյունավետության համար: Հետագա քայլերի ռացիոնալությունն ու արդյունավետությունն արդեն այլ հարց են, բայց դա հակասության մեջ չէ արվածի հետ, այլ հակառակը: Եվ այս իմաստով, դա իսկապես նոր Հայաստանի վկայությունն է, որովհետև ամենազավեշտալի երազում անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ Հայաստանի նախորդ երեք նախագահներից որևէ մեկը վերցնում է հեռախոսն ու թեկուզ ձևի համար զանգահարում քաղաքացիներին, հաղորդակցվում նրանց հետ:

Հանրագումարում, անշուշտ, առանցքայինը շարունակում է մնալ այն, թե ինչ է լինելու դրա արդյունքը, այսինքն՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանը կապիտալիզացնելու քաղաքացիների հետ հաղորդակցությունը և այն վերածելու տնտեսական քայլերի: Սակայն այստեղ էլ կապիտալիզացիայի հարցը չի սահմանափակվում լոկ իրավիճակի կառավարման օպերատիվ արդյունքով: Բանն այն է, որ խնդիրն ունի նաև մշակութային, աշխարհայացքային կողմ, որտեղ առկա է առավել կարևոր և խորքային մի հանգամանք՝ քաղաքացի-կառավարություն փոխհարաբերության հանգամանքը, նոր մշակույթի ձևավորման հանգամանքը, պետության, իշխանության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքի վերափոխան հարցը:

Ի վերջո, համաշխարհային խորքային ճգնաժամն այդ առումով Հայաստանի համար հաղթահարելի է լինելու ոչ միայն կառավարության պատասխանատվությամբ ու ջանքով, ոչ միայն քաղաքացիների սպասելիքների արդարացման աստիճանով, այլ նրանով, թե քաղաքացիներն էլ, հանրությունն էլ որքան պատասխանատու կհամարեն նաև իրեն: Իսկ դրա համար հանրությունը պետք է համարի, որ պետությունն իրենն է, որ ինքն է իշխանությունը, և որ վարչապետը զանգահարել է իշխանությանը, ոչ թե իշխանությունը զանգահարել է քաղաքացիներին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments