Փաշինյանն ու Լուկաշենկոն փնտրում են Պուտինին

- in Կարծիք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը, նաեւ դիտարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում խորհրդակցությունների, համատեղ քայլերի հնարավորությունը:

Իր հերթին, Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ քննարկել են գազի գնի հարցը նոր իրողությունների պայմաններում:

Լուկաշենկոն ինչպես հայտնի է աչքի է ընկնում համաճարակի հանդեպ իր վերաբերմունքի եւ վարքագծի բացառիկությամբ: Ավելին, համաշխարհային իրավիճակը նա բնորոշում է ոչ թե համաճարակ, այլ հոգեխանգարմունք: Լուկաշենկոն չի փակել սահմանները, չի կանգնեցրել տնտեսությունը, հայտարարել է, որ չի չեղարկելու 2020 թվականին նախատեսված համապետական ընտրությունը:

Իհարկե դա չի նշանակում, որ կորոնավիրուսը շրջանցել է Բելառուսը: Ավելին, այնտեղ վիճակի մասին տեղեկությունները տարբեր են, եւ ոչ ոք չգիտե, թե ինչպիսին է վիճակագրությունը:

Այդ առումով, Լուկաշենկոյի հետ զրույցում ի՞նչն է հետաքրքրել Նիկոլ Փաշինյանին:

Թե բանն ամենեւին Բելառուսի վիճակը չէ, այլ շատ ավելի պարզ հարց՝ ու՞ր է Պուտինը: Բանն այն է, որ այդ իմաստով կա որոշակի հետաքրքիր պատկեր, որտեղ գոնե եվրասիական տարածությունում նկատվում է Պուտինի բացակայությունը: Օրեր առաջ նա մասնակցել էր Մեծ Քսանի տեսահամաժողովին, կոչ անելով վարակի պայմաններում չեղարկել պատժամիջոցները:

Ռուսաստանը ներկայում հայտնվել է մեկ այլ «պատժամիջոցի» տակ՝ նավթի սրընթաց գնանկում, այն հասել է արդեն մոտ քսան դոլարի՝ բարելի դիմաց: Օրերս Լուկաշենկոն հայտարարում էր, որ Պուտինը կարող է կանգնեցնել տնտեսությունը, շատ փող ունի՝ մոտ 120 միլիարդ կայունացման հիմնադրամ, մոտ կես տրիլիոն ոսկու եւ արժույթի պաշար, իսկ Բելառուսն այդքան հարուստ չէ, որ իրեն թույլ տա կանգնեցնել տնտեսությունը վարակի դիմաց:

Հայաստանի վարչապետը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում կապվել է ՌԴ վարչապետի հետ, իսկ ահա Պուտինի հետ կապ չի եղել: Կարծես թե այս օրերին չի եղել տեղեկություն Պուտին-Լուկաշենկո զրույցի մասին:

Հետաքրքիր է, որ Պուտինը «մոռացել» է ԵՏՄ մասին: Արդյոք այն պատճառով, որ խուսափում է աջակցության վերաբերյալ հնարավոր քաղաքական հարցերից, որ կարող են ուղղել միասնական տնտեսական տարածության մասնակիցները, օրինակ նավթի սրընթաց գնանկման պայմաններում գազը էժանացնելու կամ ֆինանսական շոշափելի օգնության առումով:

Ի դեպ, Լուկաշենկոյի հետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին զուգահեռ Երեւանը տեղեկություն է տարածել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սահմանին գազի գինն էժանացնելու մասին նամակով դիմել է Գազպրոմի նախագահ Միլլերին, բանակցություն սկսելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments