Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների և տնտեսության առողջացմանն ուղղված միջոցառումների և առաջարկությունների շուրջ քննարկումները:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել բիզնեսին աշխատատեղերի պահպանման գծով աջակցության գործիքակազմերին, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին:

Վարչապետը կարևորել է ռեսուրսներն արդարացի բաշխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը և ընդգծել թիրախային հասցեականության ապահովման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության կողմից բիզնեսին աջակցությունը ևս ուղղված է մարդուն, ով այդպիսով պահպանելու է իր աշխատանքը:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է վերջնական տեսքի բերել  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրային փաթեթները և ներկայացնել կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:

«Սա դեռևս առաջին գործիքն է, և դրանով չենք սահմանափակվելու։ Բայց ճիշտ ենք համարում արագ ու անմիջապես սկսել հերթով բոլոր գործիքների թողարկումը»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ի՞նչ քայլեր է անում կառավարությունը, որպեսզի աջակցության վարկերը նաև կարիք ունեցող ու խոցելի տնտեսվարողներին հասնեն։

Ըստ Գրիգորյանի՝ հիմնական նպատակն այն է, որ ձեռնարկությունը, որն ունի բարվոք հարկային ու վարկային պատմություն, նախ և առաջ այդ ձեռնարկությունները որևէ լիկվիդայնության խնդիր չունենան, որպեսզի որակյալ աշխատատեղերի պահպանման հարցը լուծվի։

«Ինչ վերաբերում է սահմանումներին՝ հարկային և վարկային բարվոք պատմություն, համաձայն եմ, դա ճշգրտման կարիք ունի, անպայման կճշգրտվի»,- հավելեց նա։

Փոխվարչապետն ասաց՝ ինչ վերաբերում է այն գործարարներին, ովքեր չունեն բարվոք վարկային կամ հարկային պատմություն, այդ սեգմենտի վերաբերյալ գործիքը կամ միջոցառումը պետք է գործի՝ ելնելով ինչ-որ օբյեկտիվ չափանիշներից։

«Կառավարությունը նաև ստանձնում է վարկային ռիսկ, բնականաբար, եթե ստանձնում է վարկային ռիսկ, դա հնարավոր է անել միայն այն կազմակերպությունների վարկավորման պարագայում, որոնք իրոք ունեն հարկային ու վարկային բարվոք պատմություն։ Բայց մնացածների մասով պետք է դնել օբյեկտիվ չափանիշներ, դա մեր չորրորդ գործիքն է լինելու, որտեղ նկարագրվելու է ընդամենը հարկերի վճարման պատմությունը։ Եվ ելնելով այդ պատմությունից ու չափերից՝ որոշակի աջակցության գործիք կաշխատի նաև այդ սեգմենտի համար, մասնավորապես ՓՄՁ-ի»,- նշեց Մհեր Գրիգորյանը, հավելելով, որ այս պրոցեսը պետք է լինի հրապարակային, աջակցության գործիքներից օգտվողների ցանկը պետք է հրապարակել։

Ըստ նրա՝ մեկ շաբաթից արդեն աջակցության առաջին գործիքը լիարժեք գործելու է։ «Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, գուցե այսօր շատ ավելի ակտուալ ֆինանսավորման ձև է ֆինանսավորել այն կազմակերպություններին, որոնք արդեն ունեն պրոբլեմ՝ ժամկետանց հարկային պարտավորություններ ու վարկեր։ Ցավոք, ապրիլի մեկից հետո այդ տիպի կազմակերպություններ շատ կլինեն, բայց այդ տիպի կազմակերպությունների ֆինանսավորումը, գործիքը պետք է շատ ավելի դետալիզացված ու ճշգրտված լինի, որովհետև մենք գործ ունենք  հանրային միջոցներն այդ նպատակով օգտագործելու հետ։ Բայց այստեղ էլ ժամանակի առումով շատ արագ ենք գործելու, վաղվա կառավարության նիստում հաստատ այդ մասին քննարկում կլինի։ Մեր առաջարկը հետևյալն է՝ սկսենք, հետո բոլոր լավ առաջարկություններով գործիքը ճշգրտենք»,- ընդգծեց նա։