Քիչ չեն դեպքերը, որ գերատեսչությունների հին «որակների» ռեստավրացիայի դեպքերի ենք ականատես դառնում

- in Ով ով է ...

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 19-ին, հրամանագրեր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրեն, իսկ Արման Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանապետ նշանակելու մասին։

Այսօր լրանում է 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները, իսկ օրենսդրությունը պահանջում է, որ ԺՊ-ները կարող են պաշտոնավարել վեց ամսից ոչ ավելի։

Եթե ասենք, որ Արման Սարգսյանի կամ Էդուարդ Մարտիրոսյանի նշանակումներն անակնկալ էին, անկեղծ չենք լինի։ Դեռ ամիսներ առաջ Կապանում տեղի ունեցած երկարատև ասուլիսի ժամանակ Փաշինյանը գրեթե բաց տեքստով հասկացրել էր, որ հենց նրանք են ղեկավարելու այս գերատեսչությունները։

Բնավ չենք ուզում կասկածի տակ դնել վարչապետի որոշումների օբյեկտիվությունը, առավել ևս, որ այս մարմիններն անմիջականորեն գտնվում են նրա վերահսկողության տակ, Փաշինյանը բոլորից լավ է տիրապետում դրանցում առկա իրավիճակին, կադրային բազային, նրա պոտենցիալին։ Բնավ կասկածի տակ չենք դնում նաև կոնկրետ Սարգսյանի կամ Մարտիրոսյանի մասնագիտական, մարդկային որակները, համենայնդեպս՝ այդ չափանիշների գնահատումը չենք համարում մեր իրավասության խնդիր։

Ամբողջ խնդիրն այն է, որ Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի աղմկոտ պաշտոնանկություններից հետո թվում էր՝ ոստիկանությունում և ԱԱԾ-ում պետք է տեղի ունենան արմատական բարեփոխումներ, այս գերատեսչությունները պետք է հարմարեցվեն դեմոկրատական երկրի չափանիշներին։ Համենայնդեպս, ԺՊ-ների վեցամսյա կառավարումը համարվում էր անցումային մի շրջան, որը պետք է նշանավորեր անցյալի էջի անվերադարձ փակումը ու նորի բացումը։ Սակայն այս ընթացքում ներկայացվեց միայն ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, որի մեկնարկը, սակայն, տրվելու է միայն հաջորդ տարվանից, շատ ավելի քիչ ու ոչ առարկայական է խոսվել ԱԱԾ հնարավոր բարեփոխումների մասին։ Դեռ ավելին՝ այս գերատեսչությունում ըստ էության բացառում են լյուստրացիայի հնարավորությունը։

Արման Սարգսյանն ու Էդուարդ Մարտիրոսյանը գուցե անվերապահորեն կատարել են ու կատարում են Փաշինյանի բոլոր հանձնարարությունները, հրամանները, սակայն մենք չենք տեսնում նոր որակի ոստիկանություն կամ ԱԱԾ, և քիչ չեն դեպքերը, որ այդ գերատեսչությունների հին «որակների» ռեստավրացիայի դեպքերի ենք ականատես դառնում։ Հետևաբար ԺՊ-ների նշանակումը ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում ավելի շատ ստատուս-քվոյի ամրագրում է, որը, սակայն, քիչ աղերս ունի պետության զարգացման տեսլականի կամ, ինչպես Փաշինյանն է նշում, հեղափոխության օրակարգի հետ։

Դա ստատուս-քվո է, որը ծնել է Վանեցյան ու Օսիպյան երևույթը, եթե նույնիսկ այս մարդիկ այլևս համակարգում չեն։ Գուցե Փաշինյանն ընտրության մեծ հնարավորություն չուներ՝ օրենսդրական այսօրվա կարգավորումներից ելնելով, սակայն երկու գերատեսչություններում առկա կադրային բազան ու ինստիտուցիոնալ մտածողությունը հնարավորություն չեն ստեղծում նոր որակ ապահովելու համար։ Մնում է հուսալ, որ ամիսներ անց Նիկոլ Փաշինյանը հարկադրված չի լինելու հրաժեշտ տալ նոր «Վանեցյանին» կամ «Օսիպյանին»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments