Փաստաբանների պալատն արդեն ստացել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դիմումը, որով առաջարկվում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի փաստաբաններից մի քանիսին։

Իր դիմումում Ռուբեն Վարդազարյանը նշել է փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի անունները՝ դրան կցելով անցած երեքշաբթի դատարանի դահլիճում տեղի ունեցածի տեսագրությունը։

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չէր կայացել դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Փաստաբանները նույն օրն առավոտյան էին տեղեկացել դատավորի վատառողջ լինելու և նիստին չմասնակցելու մասին, բայց շտապել էին դատարան՝ որոշակի հարցեր ճշտելու։ Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա փաստաբանական խումբը թատերական ներկայացում էր «կազմակերպել» դատական նիստերի դահլիճում, որն ավելի շատ նման էր աովորական «մեյմունության»։

Հեռու եմ այն մտքից, որ փաստաբանները կարող են իրենց գործունեության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ ԲԴԽ նախագահի գրության հետևանքով, սակայն նրանց գործունեության հրապարակային քննարկումը կարող է որոշակի դրական էֆեկտ ունենալ։

Բանն այն է, որ դատավարության մեկնարկից սկսած՝ Քոչարյանն ու նրա թիմը զբաղված են, ըստ էության, սաբոտաժով։ Ամիսներն անցնում են, սակայն դատավարությունը չի թևակոխում բովանդակային փուլ, որովհետև պաշտպանական թիմն աընդհատ հանդես է գալիս կրկնվող միջնորդություններով ու ակնհայտորեն խաղում է ժամանակի  վրա։ Քոչարյանը ճաղերի հետևում է ու թվում է՝ նրա շահերից պետք է  բխեր դատավարության արդյունավետ ընթացքը, որի դեպքում հնարավոր կլիներ գլխավոր ամբաստանյալի արդյունավետ պաշտպանության կազմակերպումը։ Սա ճշմարտություն է,  որը, սակայն, կիրառելի է այն պարագայում, երբ ամբաստանյալը կամ նրա թիմը համոզված են, որ կարող են փաստարկված հասնել մեղադրանքի փլուզմանը։

Ըստ ամենյանի, Քոչարյանն ու նրա թիմը նման համոզում չունեն և հույս ունեն, որ ժամանակի ընթացքում որոշ կարևոր վկաներ կարող են հեռանալ կամ տարբեր պատճառներով չգալ դատարան, այլ խոսքով՝ վարվում է մի քաղաքականություն, որը միտված է նրան, որպեսզի անգամ հասարակությունը կորցնի հետաքրքրությունը փակուղում հայտնված դատավարության նկատմամբ։

Մյուս կողմից՝ Քոչարյանի թիմը հետևողականորեն անլրջացնում կամ ապալեգիտիմացնում է դատական գործընթացը՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ դատարանի ցանկացած որոշում կարող է հավատ չներշնչել ինչպես մեր հասարակության, այնպես էլ՝ եվրոպական դատական մարմինների համար։ Վերջին «մեյմունությունը» հենց ասվածի լավագույն դրսևորումն է։

Քոչարյանի փրկությունն արդարադատության տապալումն է, ինչին էլ նա ձգտում է՝ օգտագործելով իր պաշտպանական թիմին։ Սա երկրոդ նախագահի «հերոսանալու» միակ ճանապարհն է, հակառակ պարագայում՝ բնականոն դատավարությունը Քոչարյանի համար կերաշխավորի տևական  ազատազրկում՝ հասարակության կողմից  ընդմիշտ մոռացվելու հեռանկարով։

Spread the love