Քվեարկեցինք՝ հանուն մեր երկրի բարեկեցիկ ապագայի

- in Ընտրություններ
Arayik Harutyunyan

ԼՂՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Սիրելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ կնոջս և դստերս հետ կատարեցինք մեր քաղաքացիական պարտքը: Քվեարկեցինք՝ հանուն մեր երկրի բարեկեցիկ ապագայի, հանուն պետականաշինության վեհ գործի շարունակության:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, փա՛ռք մեր հերոսական ժողովրդին:

«Մտահոգություն կար, որ կարող էր պասիվություն նկատվել, բայց սա մեր քաղաքացիների բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է». Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում իր ընտրությունը կատարելուց հետո անդրադառնալով ընտրողների ակտիվությանը՝ հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ընտրությունները կորոնավիրուսի պատճառով չհետաձգելու որոշմանը՝ Հարությունյանն ասել է, որ եթե առողջապահական համակարգի մասնագետները համարեին, որ պետք էր հետաձգել՝ ընտրությունները կհետաձգվեին:

«Այսօր մեզ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում: Համերաշխություն եմ ցանկանում, որ կարողանանք դիմակայել ոչ միայն համաճարակին, այլեւ սպասվող աղետին՝ տնտեսական աղետին: Այս առումով Արցախում լեգիտիմ իշխանություն պետք է ունենանք, որը ՀՀ իշխանության հետ միասին կարողանալու է իրականացնել կարեւոր առաքելությունը: Շատ ծանր վիճակ է սպասվում աշխարհում: Ոչ թե ճգնաժամ, այլ աղետ է սպասվում, որին պետք է դիմակայենք համախմբված»,- ընդգծել է նախագահի թեկնածուն:

Ըստ նրա՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն էլ հարազատ են իր համար եւ գրեթե բոլորի հետ ունի անցած ճանապարհ:

«Ճանաչելով նրանցից յուրաքանչյուրին՝ համոզված եմ, որ վաղը լինելու ենք միասնական: Հայաստանի իշխանությունների կողմից բոլորն էլ ունեն աջակցություն: Արցախում ինձ բոլորն էլ բարեկամ են, եւ պատրաստ եմ բոլոր թեկնածուների հետ համագործակցել»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Լրագրողները Հարությունյանից հետաքրքրվել են նաեւ, թե որպես թեկնածու ունի՞ արդյոք ՀՀ իշխանությունների աջակցությունը:

«Բոլոր թեկնածուներն էլ ունեն»,- արձագանքել է նախկին վարչապետը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments