Արցախում շունը տիրոջը չի ճանաչում, թեկնածուներից ո՞ւմ էր ձեռնտու ուժ կիրառելը …

Ի՞նչ են հուշում Արցախի եռուն հորձանուտում ամբողջ սարդոստայնով մեկ սփռված այսօրվա իրադարձությունները: Ովքե՞ր են մեղավորները: Հեռացող բակոսահակյանական իշխանությունները կբացահայտե՞ն, թե՝ շունը շան թաթը չի կծի:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ են աղմկում անկուսակցականներն ու լռում կուսակից – կուսակցականները: Արցախում նախընտրական քարոզարշավի բեմը այս օրերին վեր է ածվել թշնամական թատերաբեմի: Անխուսափելի բախումները ծնում են նոր սադրանքներ, ծեծկռտուք ու լարվածություն:

Ահա այս լարված ֆոնին պահպանելով իր ոգու անդորրը` ԼՂՀ նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը, շփման նոր օնլայն ձևաչափով, իր դիտորդներին շատ հանգիստ հրավիրում է նոր բրիֆինգ – ներկայացման: Պետականության առջև ծառացած բազում խնդիրները թողած և կարևոր մարտահրավերներից մեկը համարելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը, հարևան ազերուն նա համարում է ոչ պակաս ազնիվ թշնամի, քան որոշ յուրայինների: Երբ դիմացդ ազնիվ հակառակորդն է, մարդ ավելի շուտ է կողմնորոշվում ինչ զենքով կռվել:

Իսկ ահա Վիտալի Բալասանյանը շարունակում է իր կողմից խրված սեպը խորացնելու գործընթացը, մինչև որ անջրպետ առաջանա Հայաստանի ու Արցախի միջև: Իր տերերի ձեռամբ արմատավորված հայաստանցի – ղարաբաղցի հասկացողությունն ավելի կխորանա ու կործանարար հետևանքներ կունենա գեներալի ձեռամբ ու այլևս անհասկանալի կլինի, թե ինչի՞ համար է ինքը նման տիտղոսի առաջացել: Վիտալի Բալասանյանը զայրացած և կռճտացնելով ատամները՝ Նիկոլ Փաշինյանի սուբյեկտիվ կարծիքը օբյեկտիվի որակելով, հազիվ հասկանալի բառապաշարով ու անհասկացվողականությամբ ուսերն է թոթվում ու իբրև թե չգիտե, թե ովքեր են ՀՀ վարչապետի նշված դավադիր ուժերը: Վայ քո, ու այդպիսի անտեղյակն էլ ուզում է երկիր ղեկավարե՞լ …

Արցախում նախագահի եւ խորհրդարանի ընտրություններին մնում է մի քանի օր, եւ փորձեր են ձեռնարկվում պայքարը տեղափոխել քաղաքակրթական դաշտից ոմանց առավել հասկանալի եւ հոգեհարազատ զոռբայության դաշտ:

Երեկ Արցախի հեղափոխական կուսակցությանը, որը մասնակցում է Ազգային ժողովի ընտրությանը, թույլ չեն տվել մտնել Մարտունի քաղաք եւ քարոզչություն իրականացնել: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Մարտունու քաղաքապետը անձամբ փակել է ճանապարհը եւ ասել, որ Մարտունին Արայիկ Հարությունյանին է ձայն տալու, եւ իրենք թույլ չեն տա, որ մեկ ուրիշը այստեղ աշխատի:

Հեղափոխական կուսակցության անդամները նույն օրը Ստեփանակերտում ի նշան բողոքի փողոց են փակել, ոստիկանությունը ուժ է կիրառել, 11 հոգի բերման են ենթարկվել, այնուհետեւ ազատ արձակվել:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել է Մարտունու քաղաքապետի պահվածքը: Սակայն հայտնի չէ, կզբաղվի՞ ոստիկանությունը այդ գործով, թե՞ խնդիրն ուժ ցոցադրելն էր:  

Արցախյան փորձագետ Հրաչյա Արզումանյանի կարծիքով, նախկին իշխանությունները Հայաստանում եւ Արցախում ամեն ինչ փորձում են անել, որպեսզի Արցախում չկայանան ազատ եւ արդար ընտրություններ եւ իշխանության բերեն Արայիկ Հարությունյանին: Նա ասում է, որ եթե իշխանություններն անցկացնեն իրենց համար ցանկալի թեկնածուին, շարունակությունն անխուսափելի է լինելու:

Դա շատ կարեւոր նկատառում է, որովհետեւ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցած փոփոխություններն այլեւս չեն ենթադրում հին մտածելակերպի տեր մարդկանց կառավարում: Այդ մարդիկ չեն հասկանում, որ վաղուց խորթ մարմին են հանրության համար:

Այն ուժերը, որոնք փորձում են գնալ ժամանակի ալիքի դեմ, ուղղակի արկածախնդրությամբ են զբաղված: Նոր ուժերի հաղթանակն անխուսափելի է, եւ եթե այն չիրականացվի լեգիտիմ ընտրությունների ճանապարհով, շարունակությունն իսկապես կարող է անխուսափելի լինել: Այն էներգետիկ պոտենցիալը, որը լատենտ կուտակված է Արցախում, կարող է պայթել, ու շատ անսպասելի տեղում ու պահի:

Նրանք, ովքեր Արցախում անկապ հարցումներ են անցկացնում, խաբելով մարդկանց, ովքեր փորձում են իրենց ունեցվածքը պահպանելու համար Արցախում վտանգավոր գործընթացներ հրահրել, ոչ մի կապ չունեն ազգային-պետական խնդիրների հետ: Եթե նրանք մտածեին Արցախի, այլ ոչ թե իրենց ոսկու, ՀԷԿ-երի կամ անտառների մասին, ամեն կերպ չէին փորձի արցախցիների վզին փաթաթել իրենց թեկնածուներին: 

Քիչ առաջ դուրս եկա ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից, որտեղ վարչական ձերբակալման էին ենթարկվել 13 քաղաքացիներ, որոնք փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը՝ քաղաքական բնույթի կոչերի զուգորդմամբ:

Զրույցներ եմ ունեցել վարչական ձերբակալման ենթարկված անձանց և ոստիկանության ծառայողների հետ, ճշտել եմ ազատազրկելու հիմքերը, ստուգել իրականացվող վարույթների ընթացքը և ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման հետ կապված այլ ընթացակարգեր ու պայմաններ: Երեք ժամվա ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել:
Ավելի ուշ հեռախոսազրույց եմ ունեցել առողջապահության նախարարի հետ, ով տեղեկացրել է, որ վարչական ձերբակալման ենթարկելու ընթացքում հիվանդանոց տեղափոխված քաղաքացին անցել է ռենտգենային հետազոտություն, և ոչ մի մեխանիկական վնասվածք չի արձանագրվել: Ըստ հետազոտող բժշկի՝ քաղաքացին գրավոր կերպով հրաժարվել է լրացուցիչ հետազոտություններից և լքել հիվանդանոցը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այժմ կատարում է մանրամասն ուսումնասիրություն մեզ հասանելի տեսանյութերի հիման վրա, որպեսզի ավելի հստակորեն պատկերացում կազմենք ոստիկանության կողմից կիրառված միջոցների ու մեթոդների մասին: Միջադեպի ու ոստիկանության միջամտության վերաբերյալ գնահատականները կհնչեցնեմ հավանաբար վաղը:

Լրացում. Առողջապահության նախարարը նոր զանգահարեց ու տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխված անձը վերադարձել է և ենթարկվել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության: Մանրամասները՝ վաղը: Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հանրության լայն շերտերը մտահոգված են օրերս Մարտունի քաղաքի մուտքի մոտ կատարված ու մեղմ ասած՝ տհաճ միջադեպից։ Հիշեցնեմ՝ Մարտունու համայնքի ղեկավարն իր թիմակիցներով փակել է քաղաք տանող ճանապարհը՝ խոչընդոտելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի՝ Արցախի Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների քարոզարշավը։

Կատարվածի սկզբունքային գնահատականն արդեն տվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ անընդունելի համարելով Մարտունու համայնքի ղեկավարի գործողությունները, որոնք հանգեցրել են կոնկրետ խմբի անձանց նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի և հավաքների ազատության խախտման: Նաև փաստվել է, որ համայնքների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական ու քաղաքացիական հայացքներից, պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել կամ գոնե չխանգարել մարդու իրավունքների և ազատությունների համաչափ ու հավասար իրացմանը բոլոր անձանց կողմից:

Ես խստորեն դատապարտում եմ կատարված ապօրինությունը և կարծում եմ, որ Մարտունու համայնքի ղեկավարը պետք է հրաժարական տա այդ ամենից հետո։ Սակայն այս միջադեպը ուշագրավ է նաև այլ առումով։ Մարտունիում կատարվածը բերձորյան տրամաբանության մեջ է, ըստ որի՝ «մեր տարածքում» «մեր շեֆի» հասցեին ոչ ոք չի կարող վատ բան ասել։ Նկատի ունեմ տարիներ առաջ Բերձորում կատարվածը, երբ բռնի ուժով կասեցվել է հայաստանյան քաղաքական ուժի ներկայացուցիչների ավտոերթը դեպի Արցախ։ Ավտոերթի մասնակիցների թվում կային արցախյան շարժման առաջնորդներ, ազատամարտիկներ, կանայք ու երեխաներ։ Իմ այս վերաբերմունքը հետին թվով չէ։ Ժամանակին ես ու իմ գլխավորած հանրային կառույցը դրա սկզբունքային գնահատականը տվել ենք (ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարը դատապարտում է Բերձորի բռնությունը / https://www.civilnet.am/…/masis-mayilian-berdzor-vio…/260225 )։

Խնդրահարույց են նաև երեկ Ստեփանակերտում ոստիկանության գործողությունները նույն քաղաքական ուժի ներկայացուցիչների քարոզարշավի շրջանակներում անցկացվող ավտոերթը կասեցնելու ուղղությամբ։ Հանրության կողմից վատ է ընդունվել այդ գործողությունը։

Ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով։ Տարաձայնությունների հարթման և քաղաքակիրթ երկխոսության համար կա քաղաքական գործիքակազմ, որը պետք է մեզ մոտ արմատավորվի ու բարի ավանդույթ դառնա։ Միևնույն ժամանակ՝ ընտրական գործընթացի բոլոր կողմերին կոռեկտության կոչ եմ անում։ Քաղաքակիրթ մթնոլորտում ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը բոլորիս գերնպատակը պիտի լինի։

Որ երեկ Ստեփանակերտում ոստիկանների գործողություններն իրավաչափ չէին՝ ակնհայտ է։ Բայց ես մեկ այլ հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Արցախի իշխանությունները հականիկոլականության մեջ մասնագիտացած հայաստանյան հեռուստաալիքը հասցրել են յուրաքանչյուր արցախցու տուն և անթաքույց հրճվում են, թե ինչպես են Փաշինյանին աջուահյակ վիրավորում։ Իսկ իրենք տարիներ շարունակ «իրենց» տեղական հեռուստաեթերից միայն իրենց քիմքին հաճո բաներ են լսում և նյարդայնանում անգամ սոցիալական ցանցով հնչող կոշտ հռետորաբանությունից։ Գոնե հիմա հասկանու՞մ են իրենց հրճվանքի ողջ թշվառությունը։ Այս մասին էլ գրել է Նոր Արցախ դաշինքի մամուլի խոսնակ Գեղամ Բաղդասարյանն ու ավելացրել. Սոցիոլոգիան դարձել է պարապ վախտի խաղալիք, հասել շուկաներում «մատնոց» խաղի մակարդակի։ Ու այս մակարդակով ոմանք փորձում են հաղթել ընտրություններում։ Հույս չպահեք՝ քաղաքական ադիբուդիների ժամանակն անցել է։ Շուկա գնացեք, շուկա։

Թե ով ի՞նչ, ինչպե՞ս և որքա՞ն կարող է անել ու չանել, կպարզեն Արցախի թափանցիկ ու հպանցիկ ընտրությունները: Սպասենք իրադարձությունների առճակատմանը, կամ՝ հանգուցալուծմանը մարտի 31-ին:

Նարե ՀԱԿՈԲՅԱՆՑ, Արցախից անկախ լրագրող

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments