Արցախում կորոնավիրուսի, առյուծ կտրած Աշոտ Ղուլյանի ու Վիտալի Բալասանյանի ՄԱՍԻՆ

- in Ընտրություններ

Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով ԿԸՀ-ն նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով, ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Մասնավորապես, գերնպատակ ունենալով բացառապես ընտրողների առողջական վիճակը անխոցելի պահելը, քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովականների, ընտրողների և այլ անձանց առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ: Տեղամասային կենտրոններում գտնվողները՝ ընտրական հանձնաժողովի անդամները, ընտրողները և այլ անձինք, ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահանվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրն Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները կիրականացնեն շուրջրյա հերթապահություն:
ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ինչպես միշտ շնորհակալություն է հայտնում հարցի ՄԱՍԻՆ ու պատասխանում արցախցիների հարցերին, էլ անվտանգությունն է կարևորում, էլ այդ բովով անցնելու մասին հիշում, սակայն թերևս չի ընկալել, որ չի կարելի անջրպետ առաջացնել ՀՀ և ԼՂՀ իշխանությունների, հետևաբար նաև՝ հասարակությունների միջև: Հայաստանում և Արցախում իհարկե վստահ են և հիշում են Վիտալի Բալասանյանի ավանդը ղարաբաղյան պատերազմի ու քառօրյայի օրերին, սակայն ինչպես նրան, այնպես էլ՝ մյուս բոլոր մարտնչածներին պարզապես պետք է գնահատել ըստ արժանվույն և մի բան էլ ավելի, սակայն հեռու պահել քաղաքականությունից, իսկ աշխարհաքաղաքականությունից մասնավորապես: Իսկ հարգված գրող Ռազմիկ Դավոյանն էլ ամենևին դաս չառավ թերևս հայաստանյան մտավոռականների կոչը հնչեցնելուց ու հանրության կողմից արհամարհանքին արժանանալուց, հիմա էլ նոր մտավոռականների ցուցակ է կազմում ու սատարում Վիտալի Բալասանյանին:

Երևանում սկսել է գործել Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը:

«ՉԻ». Եթե ճիշտ ենք հիշում, սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որ ամիսներ շարունակ հաթաթա էր տալիս Հայաստանի իշխանություններին, թե վերջիններս իրավունք չունեն քիթները խոթել Արցախի ներքին գործերին:

Սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որին ՀՔԾ-ն ծանուցագիր էր ուղարկել, իսկ ինքը հայտարարեց, թե այլ պետության՝ Արցախի քաղաքացի է և Հայաստանի քննչական մարմիններն իրավունք չունեն իրեն հարցաքննել:

Սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որ սպառնալիքներ տեղաց Հայաստանից Արցախ մեկնած և այնտեղ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպության, նրա անդամների հասցեին, թե վերջիններս իրավունք չունեն արցախցիների ընտրությունները կասկածի տակ դնեն:

Ու հիմա սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որն այդքանից հետո համարձակվում է Երևանում նախընտրական շտաբ բացել: Բացի նրանից, որ սա հերթական անգամ ցույց է տալիս այս անձնավորության երկերեսանիությունը, մեզ ավելի շատ ապշեցնում է, որ Հայաստանում կարանտինի և արտակարգ դրության պայմաններում ինչ-որ մեկը կարող է նախընտրական շտաբ բացել: Սա էլ՝ այս անձնավորության անպատասխանատվության մակարդակը:

Ռուսները մի լավ խոսք ունեն. совсем поплыл человек:

ԼՂՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը թերևս պարապ ժամ է գտել ու զրուցակցուհու հետ ճեմել Ստեփանակերտի հրապարակում, հարցազրույց տվել: հատկանշական է, որ այն սկսել են Արցախբանկի ֆոնին ու ավարտել Ազգային ժողովի տեսապատկերին: Նա ամպագոռգոռ ծրագրեր է կազմել ու այնպիսի տպավորություն է, որ մարդը մեկ տասնամյակից ավելի չի ղեկավարել երկրի խորհրդարանը, նոր – նոր հայտնվել է Արցախի քաղաքականությունում ու, հայտնի հեքիաթի պես՝ ոտքերն էլ ամպոտ են: Բայց Աշոտ Ղուլյանի խոսքն իր փոխարեն կարոտախտ է առաջացնում, սակայն այլ կուսակցության ենթատեքստում: Ինչպես Հայաստանում ՀՅԴ-ն է սիրում կրկնել, որ իրենք ամբողջական իշխանություն չեն ունեցել ու պատասխանատու չեն վարված քաղաքականության համար, այնպես էլ՝ Աշոտ Ղուլյանն է, պարզվում է, համարում, որ ինքը ԱԺ նախագահի պաշտոնում չի կիսում իշխող ռեժիմի քաղաքականությունը: Տեսնես, իրեն նշանակող Սերժիկ Սարգսյանի աչքերին նայելով էլ նա այդ ամենը կասե՞ր, ինչպես սիրունատես զրուցակցուհու մոտ էր փորձում՝ նաև այլ հարցերում, առյուծ կտրել:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հարց է հնչեցնում. Ինչպե՞ս կարող են Արցախի հետ կապված աշխարհաքաղաքական հետաքրքրություններ չլինել։ Արցախը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար թիվ մեկ ռազմավարական հարցն է, հանգուցային հարց է։ Անշուշտ կան աշխարհաքաղաքական շատ լուրջ հետաքրքրություններ, և բնականաբար մենք տեր չկանգնելով՝ Արցախի ու մեր պետականության ճակատագիրը թողնում ենք բախտի քմահաճույքին։

Հայաստանում լայն արձագանք գտավ տեղեկությունը, որ Սպիտակ տունը դադարեցնում է Արցախին ուղիղ օգնության տրամադրումը, որ իրականացվում էր տարիներ շարունակ, մոտ 5 միլիոն դոլարի չափով՝ մարդասիրական ականազերծման նպատակով: ԱՄՆ միակ պետությունն էր, Հայաստանից բացի, որ հրադադարից ի վեր Արցախին մատակարարում էր այդ օգնությունը՝ դե յուրե չճանաչելով Արցախի անկախությունը:

Սպիտակ տան որոշումը բնականաբար անմիջականորեն դիտարկվում է հայ-ամերիկյան հարաբերության համատեքստում, մասնավորապես այն տրամաբանությամբ, որ հայկական կողմը տարիներ շարունակ համարժեք չի արձագանքել ԱՄՆ այդ ժեստերին, ըստ այդմ՝ Վաշինգտոնը կանգնել է դրանց վերաիմաստավորման անհրաժեշտության առաջ: Ինչ խոսք, կա այդօրինակ գնահատումների հսկայական հիմք՝ հաշվի առնելով այն, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը վարել է մի պետական քաղաքականություն, որում ավելի շատ արտացոլվել է Ռուսաստանի շահին ենթակայությունը, քան Հայաստանի և Արցախի շահի սպասարկումը: Ընդ որում, դա վերաբերում է նաև Արցախի անցնող տարիների իշխանություններին:

Դրան զուգահեռ՝ առկա է պարզ հարց, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանում թավշյա հեղափոխության և ինքնիշխանության հանգամանքը չփոխեց ԱՄՆ վերաբերմունքը: Այստեղ էլ հնարավոր է գտնել պատճառներ կամ բացատրություններ, մյուս կողմից, սակայն, իրադարձությունների զարգացումը պետք է դիտարկել համաշխարհային լայն գործընթացի համատեքստում: Ըստ այդմ, այդ համատեքստով պետք է դիտարկել նաև հայ-ամերիկյան հարաբերություն ասվածը:

Այդ իմաստով թերևս հայ-ամերիկյան հարաբերության ռազմավարական նշանակության էական նեղացում է դրանում Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության դադարեցման որոշումը հարաբերության ինդիկատոր դիտարկելը: Իսկ ո՞րն է ինդիկատոր այդ դեպքում՝ առաջանում է պարզ հարց: Ահա այդ հարցը թերևս պետք է դառնա առավել խորքային քննարկումների առարկա՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչի վրա պետք է կառուցված լինի հայ-ամերիկյան հարաբերության շենքը, ինչ հիմքի վրա:

Արցախին մարդասիրական օգնությունը գործնականում այդ շենքի ճակատամասի մի դետալն է, որը մեզ համար գուցե հույժ կարևոր է, սակայն միջազգային քաղաքական պրակտիկայի տեսանկյունից ունի խիստ սահմանափակ, լոկալ նշանակություն: Վաշինգտոնն այդ դետալը հեռացնում է՝ անկասկած պատկերացնելով հայ-ամերիկյան հարաբերության, ներառյալ արցախյան հատվածը, շատ ավելի խորքային հիմք և բովանդակություն: Այստեղ շրջանակն առնվազն ռեգիոնալ անվտանգության ռազմաքաղաքական համակարգի նոր սահմաններն են, որոնք վերջին քառորդ դարում անցնող հարյուրամյակի համեմատ առավել ներդաշնակ են դարձրել հայ-ամերիկյան շահերը, որոնք ամերիկյան կողմը, այսպես ասած, շարադրել է Վիլսոնյան արբիտրաժում: Այս տարի լրանում է դրա 100-ամյակը, և հայկական պետականության, ըստ այդմ՝ հասարակական-քաղաքական մտքի համար մարտահրավերն այստեղ է՝ այդ հիշարժան տարեդարձի քաղաքական կապիտալիզացիան տեքստերի և գաղափարների տեսքով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments